Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ուրբաթ օրը կփակի իր դեսպանատները շուրջ 20 երկրներում


Պաշտոնական Փարիզը ուրբաթ օրը փակելու է իր դեսպանատները եւ կրթօջախները շուրջ 20 երկրներում` զգուշանալով ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ հնարավոր ագրեսիվ գործողություններից։ Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

France Press լրատվական գործակալության փոխանցմամբ` արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ավելի վաղ ասել էր, որ հրահանգել է անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկել «բոլոր երկրներում, որտեղ դա կարող է խնդիրներ հարուցել»։

France Press-ը նշում է, որ մահմեդական աշխարհում հաճախակի են ցույցերը ուրբաթօրյա աղոթքից հետո։

Charlie Hebdo-ն այսօր հրապարակել է Մուհամեդ մարգարեի չորս ծաղրանկար, որոնցից երկուսում մարգարեն մերկ է պատկերված։

Ֆրանսիական իշխանությունները այս հրապարակման առնչությամբ ընդգծել են, որ խոսքի ազատությունը երկրում օրենքով պաշտպանվող հիմնարար իրավունք է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG