Մատչելիության հղումներ

Հայաստանը հայտնվել է «բավական ուժեղ եւ շահեկան դիրքերում»


ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում, 15-ը սեպտեմբերի, 2012
ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում, 15-ը սեպտեմբերի, 2012
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող համատեղ զորավարժությունները, ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, իր ռազմաքաղաքական ուղղակի նշանակությունից զատ նաեւ Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձ են կրում այն մասին, որ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի համար Հայաստանը իբրեւ գործընկեր կենսական նշանակություն ունի:

Քաղաքագետի պնդմամբ՝ թեեւ զորավարժությունները ծրագրված էին վաղօրոք, այդումենայնիվ, հանգամանքը, որ ժամանակացույցով այն համընկավ մարդասպան Սաֆարովի աղմկահարույց ներմանը հաջորդած զարգացումների շրջանի հետ, Ադրբեջանին պետք մտածել տա, որ իր որդեգրած ռազմատենչ եւ ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքների կիրառման վարքագիծը Ադրբեջանին դարձնում են առավել մեկուսացված եւ մարգինալիզացված:

«Առհասարակ, հաշվի առնելով միջազգային արձագանքներն ու վերջին զարգացումները կարող ենք ասել, որ Հայաստանը ներկայումս ինչպես դիվանագիտական առումով, այնպես էլ ռազմական ոլորտում միջազգային համագործակցության տեսանկյունից հայտնվել է բավական ուժեղ եւ շահեկան դիրքերում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց Կիրակոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ դրա ապացույցը միայն ՀԱՊԿ-ի՝ Հայաստանում անցկացվող վարժանքները չեն: Կիրակոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը հուսալի գործընկեր է դիտվում նաեւ ՆԱՏՕ-ի կողմից, ինչի վկայությունն էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը:

«Հայաստանին այսօր միաժամանակ առավել կարեւոր եւ ռազմավարական գործընկեր են համարում ինչպես մի կողմից Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, այնպես էլ մյուս կողմից ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները», - ասաց Կիրակոսյանը՝ շարունակելով. - «Սա Հայաստանի համար իր դիրքներն առավել բարելավելու բացառիկ հնարավորություն է, ինչպես նաեւ ռազմական անվտանգության հարցում արտաքին բալանսավորված եւ կոմպլեմենտար քաղաքականության ցուցադրություն»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ, այս օրերին ընթացող ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժություններն ու առհասարակ Հայաստանի մասնակցությամբ ընթացող նման վարժանքները խոսում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մասին: Իսկ դա, ըստ փորձագետի, ամենեւին էլ Ադրբեջանի օգտին չէ, չնայած վերջինիս ագրեսիվ վարքագծին:

Ընդհանրապես, ըստ Վարդանյանի, հարկ է հասկանալ, որ խոսքից գործի անցնելու առումով Ադրբեջանը ինքնուրույն քայլ անելու հնարավորություն առայժմ չունի:

«Բայց Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ճնշումներ բանեցնել, շանտաժի ենթարկել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի, վերահաստատի Ադրբեջանի՝ ուժ կիրառելու իրավունքը», - ընդգծեց Վարդանյանը:

Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով Սաֆարով ներման միջազգային արձագանքներին, մասնավորապես Եվրախորհրդարանի ընդունած Ադրբեջանին դատապարտող վերջին բանաձեւին, ասում է, որ այն հաճախ չափազանցված զգայական եւ ոչ այնքան համարժեք արձագանքներ առաջացրեց Հայաստանում:

«Դրանց մի մասը չափից դուրս դրական, մնացյալը չափից դուրս բացասական էին: Երկու մոտեցումների մեջ էլ ճշմարտության տարրեր կան, սակայն կարող ենք ասել՝ իրականում ԵԽ-ի բանաձեւն ավելի թույլ էր, քան կարող էր լինել: Բայց, միեւնույն ժամանակ հաշվի առնելով այդ կառույցի բնույթը, նաեւ կարող ենք ասել, որ սա առավելագույնն էր, որ կարող էինք ակնկալել», - նշեց Կիրակոսյանը:

Էդգար Վարդանյանը, անդրադառնալով նույն հարցին, բավականաչափ անսպասելի դիտարկում է անում Սաֆարովի արտահանձման վերաբերյալ: Նա մարդասպանի արձահանձնումը եւ դրան հաջորդած զարգացումները գնահատում է որպես ծուղակ Ադրբեջանի համար՝ չբացառելով, որ այդ ծուղակին նպաստել է հենց Հունգարիան:

«Հիմնականում ինֆորմացիոն ֆոնը, որը ձեւավորվել է այսօր, ի օգուտ Ադրբեջանի չէ, եւ Հունգարիայի այս քայլը նպաստեց դրան», - ասաց Վարդանյանը:

Հարցին, թե կարելի՞ է պնդել, որ Հունգարիան որոշ առումով գիտակցաբար նպաստել է այդ ծուղակը հյուսելուն, Վարդանյանը պատասխանեց. - «Ես չեմ բացառում դա, փաստացի վերլուծությունը սա է ցույց տալիս»:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG