Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ադրբեջանի քայլով


Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Անդերս Ֆոգ Ռասմուսեն
«Ես խորապես մտահոգված եմ ադրբեջանական բանակի սպա Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի որոշմամբ: Ութ տարի առաջ տեղի ունեցած այդ շատ ողբերգական եւ սարսափելի դեպքը մի հանցագործություն էր, որը չի կարող փառաբանվել: Ադրբեջանի այդ որոշումը խարխլում է վստահությունը եւ չի նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում այսօր հայտարարեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Նաեւ շատ կարեւոր է, որ սա դարձյալ չհանգեցնի հակամարտության սրման: Հակառակը, այժմ կենսականորեն կարեւոր է աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ եւ խրախուսել խաղաղությունն ու հաշտեցումը», - շարունակեց Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Հարցին, թե մտադի՞ր է արդյոք քննարկել այս հարցը Ադրբեջանի ղեկավարության հետ` Բաքու կատարելիք այցի ընթացքում, Ռասմուսենը արձագանքեց. - «Ես բարձրացնելու եմ այս հարցը Բաքվում եւ փոխանցելու եմ այս շատ հստակ ուղերձը»:

Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Անդերս Ֆոգ Ռասմուսենը վերահաստատեց ՆԱՏՕ-ի հայտնի դիրքորոշումն առ այն, որ կազմակերպությունը չի միջամտում կարգավորման գործընթացին եւ աջակցում է Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակում ձեռնարկվող բանակցային ջանքերին:

«Մենք ամբողջապես սատարում ենք խաղաղ հանգուցալուծմանը միտված գործընթացը», - ասաց Ռասմուսենը` շարունակելով. - «Այս տարածաշրջանում անվտանգության վիճակը ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար կարեւորագույն նշանակություն ունի, քանի որ այստեղ տիրող իրադրությունը եւս կարող է ազդել ողջ եվրատլանտյան տարածաշրջանի վրա»:

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ապագան

Հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ապագան, հաշվի առնելով Հայաստանի գործընկերային կապերը Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ հանգամանքը, որ Հայաստանը քանիցս հայտարարել է, թե իր քաղաքական օրակարգում չկա ՆԱՏՕ-ի անդամ դառնալու նպատակ, Ռասմուսենը պատասխանեց, թե հարգում եւ գնահատում են Հայաստանի հավասարակշռված արտաքին եւ անվտանգության ապահովմանը միտված քաղաքականությունը:

«Եվ թույլ տվեք ընդգծել, որ որեւէ հակասություն չկա Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու եւ միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ հստակ գործակցություն ունենալու միջեւ: Նաեւ հավելեմ, որ հենց ՆԱՏՕ-ն ինքը առանձնահատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Ռուսաստանը մեր հատուկ գործընկերն է, որի հետ մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-Ռուսաստան ծրագրի շրջանակում: Կարծում եմ, այն, որ մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ մեր կառուցողական եւ դրական երկխոսությունը, նպաստում է եվրանտլանտյան ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովմանը», - ասաց նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կարող է լինել ավելին, քան նախատեսված է Անհատական գործակցության գործողությունների ծրագրով, ասաց. - «Ես մեր գործակցության հետագա զարգացման ներուժ եմ տեսնում, սակայն դա առավելապես հենց Հայաստանի որոշելիքն է, թե ինչպիսի հարաբերություններ է կառուցում ՆԱՏՕ-ի հետ»: Նա նաեւ հավելեց, թե դաշինքը մեծապես գնահատում է Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող խաղաղարար գործողություններում Հայաստանի մասնակցությունը:

«Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերն արդեն սովորել են համատեղ աշխատել, եւ այս օրինակը ցույց է տալիս, որ մենք հետագայում կարող ենք էլ ավելի զարգացնել գործակցությունը», - ասաց Ռասմուսենը:

«Հնարավո՞ր է, որ ՆԱՏՕ-ն ճնշում գործադրի դաշինքի անդամ Թուրքիայի նկատմամբ` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանի բացմանը նպաստելու նպատակով» հարցին, Ռասմուսենը պատասխանեց, թե դաշինքը չի կարող ներգրավված լինել մի խնդրում, որը պետք է լուծեն Հայաստանն ու Թուրքիան:

«Սակայն, անշուշտ, մենք հույս ունենք առաջխաղացում տեսնել այդ գործընթացում», - ասաց Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ն չի միջամտի սիրիական հակամարտությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ սիրական ճգնաժամին եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած միջազգային լարվածությանը վերաբերող հարցերին անդրադարձավ: Հարցին, թե ինչպե՞ս կարող են դրանք անդրադառնալ հարվկովկասյան տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա, նա պատասխանե.ց - «Ես շատ լավ հասկանում եմ այդ խնդիրների հետ կապված Հայաստանի մտահոգությունը: Ընդգծեմ, որ ՆԱՏՕ-ն նպատակ չունի զինված միջամտություն իրականացնել Սիրիայում: Մենք մոտիկից հետեւում ենք այնտեղ ծավալվող իրադարձություններին, քանի որ մեր դաշնակիցներից Թուրքիան Սիրիայի հարեւանն է , եւ մենք պատրաստ ենք անել անհրաժեշտը` մեր դաշնակցին պաշտպանելու համար: Այդուհանդերձ, մենք հավատում ենք այդ խնդրի քաղաքական լուծմանը: Ասադի ռեժիմն ակնհայտորեն կորցրել է ողջ լեգիտիմությունը, եւ մենք Սիրիայի ղեկավարությանը հորդորում ենք սկսել անցումային գործընթաց, որը կհանգեցնի երկրում ժողովրդավարության հաստատմանն ու սիրիացի ժողովրդի օրինական ձգտումների իրականացմանը»:

«Ինչ վերաբերում է Իրանի հետ կապված խնդրին, ապա ՆԱՏՕ-ն դրանում ներգրավված չէ, սակայն մենք այստեղ եւս ուշադիր հետեւում ենք զարգացումներին: Իրանի ղեկավարությանը մենք հորդորում ենք հավատարիմ լինել ստանձնած միջազգային պարտավորություններին եւ կասեցնել ուրանի հարստացման ծրագիրը», - ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG