Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 12-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Բնականո՞ն եք համարում, որ մեր քաղաքական դաշտի երկրորդ, ըստ ձեզ՝ առաջին քաղաքական ուժի առաջնորդը արդեն առնվազն 4 ամիս անհասանելի է լրագրողների համար կամ բացակայում է երկրից»: Պատասխան. - «Ձեր հարցը որոշակի պատասխանի է ուղղորդում, ուստի խնդրում եմ, որ այն վերաձեւակերպվի: ԲՀԿ առաջնորդը միշտ կապի մեջ է հանրության եւ լրատվամիջոցների հետ»: Հարց. - «Ոչ միայն ես, այլեւ որեւէ այլ լրագրող վերջին ամիսներին ԲՀԿ առաջնորդին որեւէ հարց ուղղելու հնարավորություն չի ունեցել, Գագիկ Ծառուկյանը որեւէ հարցազրույց, ճեպազրույց կամ ասուլիս չի ունեցել»: Պատասխան. - «Վերջին ամիսներին նաեւ Ազգային ժողովում լինել-չլինելու մասին բազմաթիվ հարցեր ու ասեկոսեներ են շրջանառվում: Վստահ եմ, որ բոլորը, իրենց գիտակցության մեջ եւ ենթագիտակցական հարթությունում բոլոր այդ հարցերի պատասխաններն ունեն: Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ կապը ապահովում են ե՛ւ կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, ե՛ւ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը, ե՛ւ նրա լիազորությունն ստացած խորհրդարանական խմբակցության ու քաղաքական խորհրդի ներկայացուցիչները»:

«Ժամանակ» թերթը զրուցել է Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հարց. - «Կարծիք կա, թե նախագահ Սերժ Սարգսյանը թույլ չի տալիս հակադարձել իշխանություններին ուղղված ԲՀԿ քննադատությանը: Ճի՞շտ են այն կարծիքները, թե Սերժ Սարգսյանը հանդուժում է ԲՀԿ այդ պահվածքը նախագահական ընտրություններին նրանց աջակցությունը ստանալու ակնկալիքով»: Պատասխան. - «Եթե ուշադիր հետեւել եք, բոլոր համապետական ընտրություններից առաջ էլ ներքաղաքական, ինչու չէ, նաեւ միջանձնային որոշակի լարվածություն է ի հայտ գալիս: Այն, ինչ մտածում են քաղաքական ուժերն ու գործիչները, արդեն նախընտրական շրջանում բացահայտ են արտահայտում կամ փորձում են իրագործել: Այդ առումով յուրաքանչյուր քաղաքական ուժի առջեւ դրված խնդիրները տարբեր են լինում: Կառավարող քաղաքական ուժի համար ձեռնտու է, որ ընտրություններն ընթանան հանգիստ մթնոլորտում, իսկ մյուս քաղաքական ուժերի համար` հակառակը: Լարվածություն արտահայտող հայտարարությունների դիմաց կա հանդուրժող եւ մեծահոգի պահվածք»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայ հասարակությունը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանից որեւէ բան չի ակնկալում: Եվ դա հասկանալի է` նա տասը տարի նախագահ է եղել, եւ եթե ուզենար` ինչ-որ դրական բան արած կլիներ: Մինչդեռ նրա տասնամյա գործունեությունը կարելի է գնահատել ընդամենը մի նախադասությամբ. երկրի ողջ հարստությունը հանձնել է օտարներին եւ անձնական վիթխարի հարստություն է կուտակել, իսկ Երեւանը վերածվել է «էլիտար» դատարկ շենքերով մեռյալ քաղաքի: Մեծ հաշվով` հիմա Սերժ Սարգսյանը նրա գործն է շարունակում: Ճիշտ է, օտարերկրացիներին հանձնելու բան արդեն համարյա չկա, բայց կարելի է հանքավայրերը վաճառել եւ ապագա սերունդների հաշվին վարկեր վերցնել, ինչը եւ նա հաջողությամբ անում է: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ այդ երկուսի միջեւ հակասություններ չկան: Իհարկե չի նշանակում: Հակասություններ կան, եւ այն էլ` շատ սուր. խոսքը, վերջին հաշվով, միլիարդների հասնող ունեցվածքի մասին է, եւ ամեն մեկը փորձում է մեծացնել իր «փայը»»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտարարությանը, ինչպես նաեւ նրա հնարավոր առաջադրմանը նախագահական ընտրություններում. - «Հնարավոր համարում եմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, ինչպես նաեւ «Ժառանգություն»-ից այն կուսակցականների առաջադրումը, ովքեր համապատասխանում են ՀՀ Սահմանադրության առաջադրած պահանջներին, եւ ովքեր հանրահայտ են, ընդունելի հանրության կողմից»: Ընդդիմության միասնական թեկնածու ունենալու հնարավորությունները ներկայիս իրավիճակում Մարտիրոսյանը բացառում է, քանի որ խորհրդարանում իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը կարծես թե տարբեր ճանապարհներով են գնում: Սակայն նկատի ունենալով ընտրություններից 10-15 օր առաջ միավորվելու 1996-ի եւ վերջին տարիների փորձը՝ ոչինչ չի բացառում: «Ժառանգություն»-ում մի բան հստակ են որոշել. «Ժառանգություն»-ն այլեւս չի սպասարկելու այլոց. - «Բացառապես բովանդակային հարցերի շուրջ ենք համագործակցելու, քանի որ այն, ինչ որ տեղի է ունեցել մինչ օրս, որ «Ժառանգությունը» նույնիսկ իր կուսակցական շահի հաշվին սպասարկեց այլ կուսակցությունների շահը, ընդդիմադիր դաշտի գործընկերների կողմից չգնահատվեց»:

«Օրակարգ»-ի մեկնաբանը գրում է. - «Մայիսյան ընտրությունների ընթացքում մտքովս անցավ համեմատել ամսական նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ուտելիքի գները Հայաստանում եւ Վրաստանում: Մեզ մոտ 51 հազար դրամի նվազագույն ուտելիքի զամբյուղը Վրաստանում արժե 40 հազար դրամին համարժեք: Ստացված 11 հազար դրամը, որը մենք ամեն ամիս ավելի ենք ծախսում վրացիներից, ավելի քիչ է, քան, ըստ ԶԼՄ-ների, միջին ընտրակաշառքի չափը, որը նվաստացած ընտրողը ստանում է 5 տարին մեկ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG