Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Սիրիա


Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Թռիչքների դադարեցման պատճառը, ըստ «Արմավիա»-ի, «Սիրիական ազատ բանակի»` ապստամբների առաջնորդների կողմից անցած շաբաթ հնչեցված սպառնալիքներն են այն մասին, որ նրանք կոչնչացնեն Հալեպի եւ Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը, ինչպես նաեւ սիրիական կողմի հետ կապի բացակայությունն է:

Այս կերպ, առաջին հերթին ապահովվում է ուղեւորների անվտանգությունը, ասված է «Արմավիա»-ի տարածած հայտարարությունում:

Ազգային ավիափոխադրողը այս հարցով անցած շաբաթավերջին դիմել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բարձրացված հարցը ուսումնասիրում են, ճշտում են դրա իսկությունը:

«Արմավիա»-ն Հալեպ - Երեւան - Հալեպ ուղղությամբ թռիչքներ է իրականացնում շաբաթական մեկ անգամ: Այս տարվա օգոստոսին, սակայն, ավիաընկերությունը չվերթների թիվը ավելացրեց եւս մեկով` հնարավորություն տալով սիրիահայերին տեղափոխվել Հայաստան:

«Սիրիական ավիաուղիներ»-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք, ըստ ամենայնի, չեն դադարեցնի թռիչքները, իսկ ավելի ստույգ պարզ կդառնա վաղը` իրեն հերթական թռիչքի օրը:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG