Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «հանցագործության պատասխանատվությունը վերցրել է իր վրա»


Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը սպասելի է համարում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու եւ ներում շնորհելու մասին տեղեկությունը։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վկայությամբ` Ադրբեջան ժամանած Սաֆարովին երկրի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն իսկ ներում է շնորհել։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մարդասպանին Ադրբեջան տեղափոխելու եւ արդարացնելու՝ Իլհամ Ալիեւի քայլը սպասելի էր, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շուրջ 8 տարի պայքարում են, որպեսզի արդարացնեն կամ պատասխանատվությունից ազատեն Սաֆարովին։

«Բոլոր դեպքերում, ես գտնում եմ դա անբարոյական, որովհետեւ Հունգարիայի դատարանը ճանաչել է մեղավոր ծանր սպանության համար։ Նման դաժան մարդասպանին այսօր արդարացնել՝ դա միայն խոսում է այդ երկրի նախագահի, այդ երկրի անբարոյական կեցվածքի մասին», - հայտարարեց փաստաբանը, - «Փաստորեն Ադրբեջանը, արդարացնելով Սաֆարովին, պատասխանատվությունը վերցրել է իր վրա եւ ինքն է պատասխանատու այս հանցագործության համար»։

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման իրավական հիմքերին, Նազելի Վարդանյանը նշեց․ - «Իրավունքի տեսակետից՝ կա եվրոպական կոնվենցիան դատապարտյալների հանձնման մասին․ եթե երկու երկրները համաձայնության են գալիս, թույլատրվում է դատապարտված անձանց հանձնելը։ Բայց Հունգարիայում մինչ օրս այդ հոդվածներով եւ այդպիսի ծանր պատիժ կրող անձինք ընդհանրապես չէին հանձնվել։ Այս դեպքում, որ մենք ի սկզբանե գիտեինք, որ ինքը պատիժ չի կրելու եւ դրա մասին ե՛ւ դատավարության ընթացքում, ե՛ւ դատավարությունից հետո իրենք բոլոր փորձերը արել են, որպեսզի տեղափոխեն Սաֆարովին, կարողացել ենք ինչ-որ ձեւի կանխել կամ այդ ձայնը բարձրացնել Հունգարիայում»։

Նազելի Վարդանյանը հավելեց, որ հանդիսանալով տուժողի ներկայացուցիչ, ինքը, այդուհանդերձ, իրավական առումով որեւէ քայլ նախաձեռնելու իրավունք չունի՝ դա պետք է պետական մարմինները անեն։

«Որովհետեւ էքստրադիցիան դա արդեն պետական մարմինների, արդարադատության նախարարների մակարդակով է արվում, գլխավոր դատախազների եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով», - պարզաբանեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG