Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դիմել է ՍԴ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտում կատարելու դեպքում ձերբակալել քաղաքացուն։ Այդ մասին տեղեկացնում է օմբուդսմենի աշխատակազմը։

Ներկայումս Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել եւ պահվել մինչեւ 10 օր. այդպես է ամրագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որը, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Բացի այդ, Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնել իր կողմից ընտրված անձին, մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան», ինչից պարզ է դառնում, որ ըստ օրենսգրքի նշված հոդվածի` հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ. սա եւս, Կարեն Անդրեասյանի համոզմամբ, հակասում է Սահմանադրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG