Մատչելիության հղումներ

Օգոստոսի 29-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Առաջիկայում վարչապետին փոխելու պնդումները ե՞ւս բամբասանք ու հորինվածք են»: Պատասխան. - «Միանշանակ հնարովի են եւ մամուլում շրջանառվելով՝ դառնում են բամբասանք: Ազգային ժողովում Հանրապետականն ունի մեծամասնություն, եւ ժողովրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունների ու պատասխանատվության շրջանակներում ինքն է որոշում, թե ինչ ծրագիր պետք է իրագործի, գործադիր ու օրենսդիր իշխանությունը ինչ կադրերով պետք է իրականացնի ժողովրդի հավանությանն արժանացած բարեփոխումները: Մնացածը պարզ կենցաղային բամբասանք է»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանը առաջադրվի նախագահի թեկնածու»: Պատասխան. - «Ես, անկեղծ ասած, չեմ մտածել այդ ուղղությամբ, եւ դրա կարիքն էլ չկա: Հանրապետականն ունի իր ծրագրերը, ապագայի հետ կապված իր պատկերացումները, եւ եթե այլ քաղաքական գործիչներ կփորձեն մեր ծրագրերը կյանքի կոչել, մենք պատրաստ ենք միասին իրականացնել դրանք: Իսկ եթե ցանկություն չի լինի, այսօր Հայաստանի Հանրապետությունը այնպիսի պետություն է, որ ցանկացողները առանց ռեպրեսիաների, քաշքշոցների կարող են առաջադրվել եւ ուժերը փորձել»: Հարց. - «Այսինքն ստացվում է, որ դուք Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի աջակցության կարիքը չունե՞ք»: Պատասխան. - «Ես չէի ուզենա նման կոպիտ ձեւակերպում տալ, քանի որ ե’ւ առաջադրումների ժամանակ, ե’ւ հետագայում բավականին երկար-բարակ ջրեր դեռ կհոսեն: Մենք ընդամենը ուզում ենք ասել, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը կընդունի Սերժ Սարգսյանի ծրագրերը: Միեւնույն ժամանակ, մենք ասում ենք, որ ՀՀԿ-ն ի զորու է, եւ այսօր մենք վստահ ենք, որ կհաղթենք: Ընդամենը այսքանը»:

«Ժողովուրդ» թերթի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Առաջին հայացքից թվում է, թե նա արտաքին քաղաքականության մեջ կարողանում է բավական լավ մանեւրել Արեւմուտքի, Ռուսաստանի միջեւ: Բայց սա` միայն առաջին հայացքից, որովհետեւ Սերժ Uարգսյանը գնալով ավելի է խճճվում գերտերություններին տված իրարամերժ խոստումների մեջ: Իսկ մեծ հաշվով` իր համար արդեն միեւնույն է: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին ե’ւ Արեւմուտքը, ե’ւ Ռուսաստանը մի հարցում լուրջ են նեղացրել. տեւական ժամանակ է` ՀՀ իշխանություններին ո’չ Եվրոպայից, ո’չ էլ Ռուսաստանից ոչ մի գնով չի հաջողվում հերթական վարկային միջոցները բերել: Իսկ այդ գումարները ներկայումս օդ ու ջրի նման անհրաժեշտ են, այլապես կտապալվեն իշխանական մի շարք նախագծեր: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրը դեռ 2008 թվականի մարտի 1-ից հետո էր որոշել ֆինանսական ծրագրերը դադարեցնելու մասին: Խոսքը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցներով իրականացվող ծրագրերի մասին է»:

«Ժամանակ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը ասում է. - «Եվրասիական միության գաղափարը նեոսովետիզմ է՝ նախկին խորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ազդեցության վերականգնման փորձ: Այն հակասում է Հայաստանի անկախությանը, եւ պետք է մերժվի առանց որեւէ սեթեւեթանքի: Ռուսաստանը բարեկամ երկիր է: Սակայն Հայաստանն այսօր ունի Ռուսաստանից գերկախվածության խնդիր, որը եթե չհավասարակշռվի, ապա կդառնա Հայաստանի անկախության դեմ ուղղված անհաղթահարելի սպառնալիք: Եվրասիական միության ջատագովները սա պետք է հասկանան ու փոխարենը շրջվեն դեմքով դեպի Հայաստան՝ քաղաքական մյուս ուժերի հետ համատեղ հանրությանը տալու զարգացման այնպիսի մոդել, որը Հայաստանին կտաներ դեպի ժողովրդավարություն, տեխնոլոգիական ու տնտեսական առաջընթաց, կառավարման քաղաքակիրթ ավանդույթ: Հայաստանը եվրոպական քաղաքակրթության հետ ունի ավելի ընդհանուր բան, քան մեր որեւէ հարեւան կամ դաշնակից»:

«Առավոտ»-ը գրում է. - «Մի քանի օր է՝ Գյումրու տարբեր թաղերում բառի իսկական իմաստով զինված ապստամբություններ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են կրակոցներով, թունդ հայհոյանքներով, մարդկանց դիվահար անելով»: Թերթի թղթակիցը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրել է. - «Ինչո՞ւ ոստիկանությունը նախապես չի կանխում այս գործողությունները, ինչքա՞ն կարող է Գյումրիում շարունակվել այս լարված վիճակը, չէ՞ որ դուք՝ որպես մարզի ղեկավար, մեզ առանց միջադեպերի ընտրարշավ էիք խոստանում»: «Գիտեք ինչ, եթե ոստիկանությունը ունենար ինֆորմացիա, որ ինչ-որ հանցագործություն է նախապատրաստվում, դա այլ հարց է, ոստիկանության համակարգում նման մոտեցում կա՝ կանխել: Չեմ կարծում, որ նրանք իմացել են, որ ինչ-որ տեղ կարող է միջադեպ լինել, եթե իմանային, կկանխեին», - պատասխանել է Գիզիրյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG