Մատչելիության հղումներ

Սիրիական վարորդական իրավունքը Հայաստանում ուժի մեջ կլինի մեկ տարի


Հայաստանի կառավարությունը ցանկանում է աջակցել Սիրիայում տիրող իրադրության պատճառով Հայաստան ժամանած այն սիրիահայերին, ովքեր ունեն վարորդական վկայական եւ ցանկանում են այն օգտագործել Հայաստանում:

«Առաջարկվում է մեկ տարի ժամանակ տալ, որպեսզի նրանք օգտագործեն այդ իրավունքը, այնուհետեւ կատարեն փաստաթղթերի փոխանակում», - Կառավարության այսօրվա նիստում պարզաբանեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Խնդիրն այն է, որ սիրիահայերի վարորդական վկայականները չեն համապատասխանում «Ճանապարհային երթեւեկության մաuին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը սահմանելու մասին» որոշման համաձայն, չեն փոխանակվում:

Գործադիրը գտնում է, որ նման իրավիճակում խնդիրներ են առաջանում սիրիահայերի աշխատանքի տեղավորման հարցում: Հետեւաբար, Կառավարությունն առաջարկում է սահմանել բացառություն եւ թույլ տալ սիրիահայերին փոխանակել իրենց վարորդական իրավունքները` առանց որակավորման քննություններ հանձնելու:

Թե Հայաստան ժամանած սիրիահայերից քանիսն ունեն վարորդական վկայականներ, առայժմ ճշտված չէ, սակայն Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք, որ վարորդական իրավունքի վկայականների հարցով մոտ մեկ տասնյակ սիրիահայեր արդեն դիմել են նախարարությանը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերում էր անալոգայինից թվային հեռուստառադիոհեռարձակման անցնելու գործընթացին: Գործադիրն այսօր հաստատեց Հայաստանում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։

Պարզաբանում է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը. - «Մինչեւ 2015 թվականը պետք է վերջացնել անալոգային համակարգը եւ ներդնել թվային համակարգը: Համակարգը ներդնելու համար ստեղծվել են մրցութային եւ մասնագիտական հանձնաժողովներ»:

Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա: Այդպիսով, ըստ մասնագետների` առավելագույնս կօգտագործվի անալոգային ցանցի ենթակառուցվածքը: Անալոգային եւ թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։

Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015 թվականի հունվարի 1-ից:

Դեռ 2008 թվականին, երբ Ազգային Ժողովում քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, այն ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ներսես Երիցյանի խոսքով, նախատեսվում էր թվայնացմանն անցնել 2010 թվականից մինչեւ 2012 թվականը, եւ այդ ընթացքում հեռարձակումները կլինեն թե’ անալոգային, թե’ թվայնացված տարբերակով, իսկ 2015 թվականից նախատեսվում էր թվայնացնել բոլոր հեռարձակումները: Փաստ է, որ այսօր Հայաստանում հեռարձակումը բացառապես անալոգային է:

Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման համար հայտ ներկայացրած ընկերությունների թիվը 10 է: «Հայտեր են ներկայացրել հայաստանյան, ամերիկյան, ռուսական, բուլղարական, եւ թայլանդական ընկերություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Ալեքսանյանը:

Ի դեպ, եթերի թվայնացման գործընթացում ներդրողներին ներկայացված է նաեւ հետեւյալ պահանջը. ներդրողն իր միջոցների հաշվին, թվայնացման փուլերին զուգընթաց, պետք է բնակչության անապահով խավին տրամադրի 100 հազար հատ թվային ընդունիչ:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG