Մատչելիության հղումներ

Օգոստոսի 23-ի մամուլ


«Ժողովուրդ»-ը գրում է. - «1990 թվականի օգոստոսի 23-ին հայկական Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը` այդպես հիմք դնելով Հայաստանի անկախացման գործընթացին: Ուրեմն այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 22-րդ տարեդարձն է: Բայց մեզանում ոչ միայն այս, այլեւ մյուս բոլոր պետական տոները չեն առանձնանում սովորական օրերից, լավագույն դեպքում դրանք ՀՀ քաղաքացիների համար դառնում են ոչ աշխատանքային, հանգստյան օր, ու ոչինչ ավելին: Անկախությունը մեզանում ընդամենը դարձել է կենացների ժամանակ հիշվող թեմա: Սա պատահական չէ, քանի որ վերջին տարիներին իշխանությունները վատնել են անկախության բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները: Ու բանը հասել է նրան, որ, օրինակ, ռուսները Հայաստանը այսօր դիտում են որպես ֆորպոստ, որի հետ կարող են վարվել ցանկացած ձեւով, Արեւմուտքն էլ իր պահանջներն է թելադրում` առանց հաշվի առնելու ՀՀ շահը եւ այսպես շարունակ: Դժվար չէ ենթադրել` այսօր ծաղիկներ կդնեն Մելիք-Ադամյան փողոցում` կառավարության նիստերի դահլիճի մոտ գտնվող հուշաքարին, այնտեղ է ընթերցվել այս հռչակագիրը: Մի քանի հուզիչ ճառ կասեն հայրենասիրական թեմաներով հետո մի քանիսն ասուլիս կտան: Եվ օրը կշարունակվի իր սովորական հունով»:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ի մեկնաբանը. - «Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ Եվրասիական միությունը դարձել է իր արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցը: Այս իրավիճակը Հայաստանի քաղաքական ուժերին դնում է բացահայտման անհրաժեշտության առաջ: Ինչքան Ռուսաստանն ավելացնում է ճնշումը Եվրասիական միության հարցում, այնքան քաղաքական այդ ուժերը ստիպված են լինելու հստակեցնել իրենց դիրքորոշումներն ու արտահայտվել: Ընդ որում, արտահայտվելու պահանջը, իհարկե, Ռուսաստանինը չէ, որովհետեւ այդ հարցում Ռուսաստանը գիտե, թե որ ուժն ինչ է մտածում, առավել եւս, որ նրանցից մի քանիսն այսօր հստակ գործում են ռուսական դաշտում` մասնավորապես, ի դեմս ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի: Ռուսաստանը հստակ արտահայտություն պահանջում է միայն իշխանությունից, որը մինչեւ այսօր հստակ խոսել է դեպի Եվրամիություն գնալու որոշման եւ հաստատակամության մասին»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը մի քանի հարց է ուղղել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին` փորձելով պարզել, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում: Զոհրաբյանն ասել է. - «Բոլոր փորձերը ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ` բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու է նույն պատասխանին: Երբ որ «Բարգավաճ Հայաստան»-ը հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որեւէ մեկի որեւէ փորձ` կորզել ավելին տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին. երբ «Բարգավաճ Հայաստան»-ը հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի»:

Նույն խնդրին է անդրադարձել «Հրապարակ»-ի մեկնաբանը. - «ՀԱԿ ներկայացուցիչները հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարում են, որ իրենք չգիտեն՝ կառաջադրվի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաջորդ նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Միակ բանը, որ հայտնի է նրանց, մի քանի տարի առաջ Տեր-Պետրոսյանի կողմից արված այն հայտարարությունն է, որ ինքը կառաջադրվի, եթե առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը: Չնայած սա եւս միանշանակ կողմնորոշիչ չպետք է համարել: Թեեւ Տեր-Պետրոսյանի անձնական տեսակետը հայտնի չէ, բայց նրա շրջապատը հակված է համոզելու առաջնորդին այս անգամ եւս առաջադրվել: ՀԱԿ-ում ասում են, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա այդ կառույցը վերջնականապես կփլուզվի: Այս պնդումը չափազանց իրատեսական է: Խնդիրն այն է, որ ՀԱԿ անդամների միջեւ երբեւէ չի եղել որեւէ գաղափարական կամ նույնիսկ անձնական ընդհանրություն, եւ նրանց միավորողը Լեւոն Տեր-Պետրոսյանի անձն է, հավատը նրա անսխալականության նկատմամբ»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանին հարցնում է. - «Վարդան Ղուկասյանի պարագայում ի՞նչ նկատառումներ են գործել։ Ինչո՞ւ ձեր թեկնածուին թողած՝ որոշեցիք սատարել ԲՀԿ ներկայացուցչին»։ Պատասխան. - «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել։ Քարոզարշավը նոր է սկսվել՝ առաջիկայում կլինի կուսակցության պաշտոնական հայտարարությունը, կլինեն համապատասխան մեկնաբանություններ՝ որ քաղաքում, որ համայնքում ՀՀԿ-ն ում թեկնածությունն է պաշտպանում եւ ինչու։ Ցավոք, շատ քաղաքական ուժեր պարզապես արհամարհում են՝ կամ ռեսուրս չունեն, կամ վախենում են, կամ, չգիտեմ՝ հազար ու մի արհեստական պատճառաբանություն են բերում լրջագույն այս գործընթացին չմասնակցելու համար։ Այսինքն՝ կարեւորելով տեղական ինքնակառավարման ինստիտուտը, նույնը չենք տեսնում այլ քաղաքական ուժերի կողմից»։

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG