Մատչելիության հղումներ

Մասաչուսեթսի խորհրդարանը Ղարաբաղի մասին բանաձեւ է ընդունել


ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ ժողովրդավարության զարգացումը սատարող» բանաձեւ, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Բանաձեւում, որի նախաձեռնողն է Պալատի անդամ Ջոնաթան Հեչթը, մասնավորապես, ասված է. - «Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր կամայականորեն զտվել են Հայաստանից եւ հարկադրվել են ապրել խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո, խաղաղ ցույցեր են կազմակերպել հանուն իրենց ինքնորոշման եւ անհատական ազատության ու բողոքել խորհրդային Ադրբեջանի ճնշամիջոցների եւ խտրականության դեմ... Այս ցույցերը բռնի ուժով ճնշվել են խորհրդային Ադրբեջանի ուժերի կողմից, ինչի արդյունքում տեղի ունեցան Սումգայիթի (1988 թվականի փետրվար), Կիրովաբադի (1988 թվականի նոյեմբեր) եւ Բաքվի (1990 թվականի հունվար) էթնիկ հայերի կոտորածները եւ շուրջ 350 հազար հայերի բռնի տեղահանումը Ադրբեջանից»:

Բանաձեւում նշված է 1992 թվականի հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման [Անկախության հռչակագրի ընդունման] մասին` իր ազատ ընտրված խորհրդարանի կողմից։

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը շնորհավորում է Ղարաբաղին անցած ամիս նախագահական ընտրությունների անցկացման առթիվ, «որի ժամանակ ընտրողների շուրջ 74 տոկոսը քվեարկեց խաղաղ եւ մրցակցային պայմաններում. միջազգային դիտորդներն այս ընտրություններն անվանեցին ազատ եւ արդար»:

Փաստաթուղթը կոչ է անում «Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը եւ խրախուսել Լեռնային Ղարաբաղի հարեւան պետություններին` խաղաղ հարաբերություններ պահպանելու նրա հետ», ինչպես նաեւ քաջալերել ԱՄՆ-ի առաջնորդներին` «շարունակելու խթանել Լեռնային Ղարաբաղի հումանիտար եւ տնտեսական վերականգնումը»:

«Մենք երախտապարտ ենք ներկայացուցիչ Հեչթին», - նշել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձու Ջեյմս Գալուստյանը` ընդգծելով. - «Այս բանաձեւի ընդունումը համապատասխանում է ժողովրդավարության խրախուսման եւ բոլոր ժողովուրդների հիմնական իրավունքների պահպանման ամերիկյան արժեքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG