Մատչելիության հղումներ

Համակարգող խումբ Ոստիկանությունում` ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ


Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խմբի ղեկավարն է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալը` Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:

Ոստիկանապետի հրամանով հաստատված ծրագրով` ընտրությունների նախապատրաստման եւ բուն ընտրությունների ընթացքում համակարգող խումբը կազմակերպելու է տեղերից տեղեկատվության անխափան ստացումը, մշակումն ու ամփոփումը, տպագրված անձնագրերի, նաեւ` կորցրած անձնագրի փոխարեն անձը ժամանակավորապես հավաստող փաստաթղթի հանձնումը քաղաքացիներին, ինչպես եւ քվեատուփերի տեղափոխման զինված ուղեկցումն ու անվտանգությունը:

Ոստիկանության մարզային վարչություններում մինչեւ օգոստոսի 25-ը կստեղծվեն օպերատիվ շտաբներ, կմշակվեն անհրաժեշտ միջոցառումների պլանները, իսկ ընտրական տեղամասերում ծառայություն կատարող վերակարգերը կապահովվեն ծառայողական գրքույկներով, որտեղ կգրանցվեն բոլոր ահազանգերը:

Համակարգող խմբի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG