Մատչելիության հղումներ

Օգոստոսի 2-ի մամուլ


«Օլիմպիական հիասթափություն» վերնագրված առաջնորդողում «Հրապարակ» օրաթերթը գրում է. - «Ամառային այս օրերին, երբ քաղաքական իրադարձությունները մարել են, եւ հասարակությունը սպորտային այս հոյակապ իրադարձությամբ է տարված, մարդկանց քննարկման առարկան այս օրերին մեր մարզիկների հիասթափեցնող պարտություններն են: Եվ որքան էլ փորձես մխիթարել նրանց, թե Հայաստանի նման փոքրիկ երկիրը չի կարող սպորտային մեծ հաղթանակներ ունենալ, միեւնույնն է՝ նրանք կարծում են, որ պատճառները պետք է բոլորովին այլ տեղում փնտրել»:

Նույն թեմային անդրադառնում է նաեւ «Ժամանակ»-ը. - «Մի կողմից ակնհայտ է, որ Հայաստանի օլիմպիական թիմը ակնհայտորեն անբավարար պատրաստվածությամբ է մեկնել Լոնդոն, մյուս կողմից էլ այդ թիմի շատ մարզիկներ դեռ չեն սկսել իրենց ելույթները եւ պետք չէ քննադատաբար մոտենալ Հայաստանի թիմի մասնակցությանը, այլ այդուհանդերձ պետք է հաղթահարել առաջին օրերի պատճառած հիասթափությունն ու հուսահատությունը եւ հավատալ մեր մյուս մասնակիցներին, եթե անգամ առաջին օրերի մեր մասնակցությունը լուրջ հարված է հասցրել հավատի նախադրյալներին: Հայաստանը դեռ ունի ծանրորդներ եւ ըմբիշներ, որոնք մեդալների իրական հավակնորդներ են, եւ գուցե նրանք կարողանան կոտրել մեզ համար օլիմպիադայի անհաջող ընթացքը»:

«Ժողովուրդ» թերթի հետ հարցազրույցում Երեւանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը հավաստիացրել է, որ Սիրիայի հարցում խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա։ Սիրիայում Հայաստանի նախկին դեսպանը հուլիսի 7-ին է վերադարձել Հալեպից։ Նա ասում է. - «Մոտ 4-5 օր մնացել եմ այնտեղ։ Իհարկե, իրականությանը չեն համապատասխանում այն բոլոր լուրերն ու լրատվական միջոցների հաղորդած տեղեկությունները, թե խուճապ է այնտեղ։ Համայնքում բացարձակապես խուճապ չկա։ Ես հանդիպել եմ բոլոր համայնքապետերի հետ ե՛ւ Հալեպում, ե՛ւ Դամասկոսում, բոլոր կուսակցությունների եւ գործող միությունների ղեկավարների հետ։ Կրկնում եմ` բացարձակապես խուճապ չկա»։ Իսկ հարցին` «արտագաղթի տրամադրվածություն չկա՞ Սիրիայում», Լեւոն Սարգսյանը պատասխանել է. - «Ո՛չ, արտագաղթի տրամադրություն բացարձակ չկա»։ Թղթակցի դիտարկմանը, թե նկատելի է, որ ռուսական իշխանությունների ներկայացուցիչները վերջին շրջանում շատ ավելի հաճախ են սկսել այցելել Հայաստան, եւ բոլոր հանդիպումների օրակարգում, պաշտոնական տեղեկություններով, երկու հիմնահարց են քննարկում` Ղարաբաղի եւ Սիրիայի, Լեւոն Սարգսյանը պատասխանում է. - «Ես չեմ հիշում, որ նրանք Սիրիայի հիմնահարցը կապեն Ղարաբաղի հիմնահարցի հետ: Դե, բնական է, որ կքննարկեն, որովհետեւ Արցախը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցերից մեկն է, բոլորս գիտենք: Եվ Սիրիան էլ պետք է քննարկեն, որովհետեւ Սիրիայում ունենք 100-120 հազար հայ: Ավելացնեմ, որ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են, անհանգստացած են կամ մտահոգ են հալեպահայության ճակատագրով, խորհուրդ կտամ կապվել Հալեպի մեր համայնքապետերի եւ առաջնորդների հետ, ինչպես նաեւ ընթերցել Արամ Առաջին կաթողիկոսի` օրեր առաջ արած հայտարարությունը»:

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ «Ժառանգություն»-ը մի կողմ է քաշվել՝ անհաղորդ է սեպտեմբերին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ ծավալվող «եռուզեռին», պատգամավորը պատասխանել է. - «Չէի ասի, թե «Ժառանգությունը» մի կողմ է քաշվել։ Ուղղակի, եթե նայենք, թե ինչ լիազորություններ, լծակներ, հնարավորություններ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, ինչ գործառույթների շրջանակում են գործում՝ այս ընտրությունները, կարծում եմ, շատ բան չեն որոշում։ Խոշոր քաղաքներում ընդամենը կարող է խոսք լինել տեղական ռեսուրսների վերաբաշխման մասին, բայց մեծ հաշվով տեղական իշխանություններից Հայաստանում քիչ բան է կախված՝ ՏԻՄ-երը ֆինանսապես դեռեւս կենտրոնական իշխանության ենթակայության տակ են, մեծ մասամբ գոյատեւում են դոտացիաների հաշվին եւ, ըստ էության, լուծում են բացառապես տեղական, կենցաղային ինչ-որ հարցեր։ Այս առումով, տեղական ընտրությունների շուրջ մեծ եռուզեռ ստեղծելու առիթ կամ պատճառ չեմ տեսնում»։

«Առավոտ» թերթի մարզական էջից տեղեկանում ենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային դասակարգման օգոստոս ամսվա ցուցակը, որում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2816 գործակցով շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 2837: Լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը, գործակիցը` 2797:

please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG