Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպեց Ֆաբիուսի հետ


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ այս հանդիպումը լավ առիթ է ամփոփելու երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները եւ նոր ազդակ հաղորդելու հայ - ֆրանսիական համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիան եւ Հայաստանը ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք խարսխված են ավանդական բարեկամության վրա: Նա հավելել է, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել՝ երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակի մի քանի տասնյակ փոխայցելություններ են տեղի ունեցել, ներառյալ` Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցելությունները:

«Երկու երկրների միջեւ այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ինտենսիվ կապեր, ֆրանսիական ընկերությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունում ծավալով երկրորդն են՝ գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության եւ այլ բնագավառներում: Ակտիվ համագործակցություն է ընթանում մշակութային եւ գիտակրթական ոլորտներում», - ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները անդրադարձել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Այս ենթատեքստում նախարարները արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են:

Նալբանդյանն ու Ֆաբիուսը մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում հայ - ֆրանսիական համագործակցության շուրջ:

Նախարարները քննարկել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը: Նալբանդյանը ներկայացրել է Ասոցիացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում գործակցությանը:

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս-Կաբոսում ընդունված հայտարարությունների եւ ներկայացված առաջարկությունների հիման վրա:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է արվել Իրանի միջուկային ծրագրին, Միջին Արեւելքի զարգացումերին:

Էդվարդ Նալբանդյանը Լորան Ֆաբիուսին հրավիրել է այցելել Հայաստան:

Հանդիպմանը ներկա էր նաեւ արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվայ-Մուրետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG