Մատչելիության հղումներ

Հայաստանի արդյունաբերությունը զարգանում է «դինամիկ տեմպերով»


2012 թվականի առաջին կիսամյակում արդյունաբերության զարգացումն ընթանում է բավական դինամիկ տեմպերով. արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 501.4 միլիարդ դրամի (շուրջ 1.2 միլիարդ դոլար) արտադրանք` անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 13 տոկոսով: Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` այսօր Հայաստանի վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստում ներկայացնելով արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում կատարված աշխատանքների ընթացքը։

Նախարարը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է պետական աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին: Մասնավորապես, 300 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թվականին առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17.5 միլիարդ դրամի ծավալով, եւ այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 340 նոր աշխատատեղ: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 միլիարդ դրամի շրջանակում: Նույն ժամանակահատվածում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդյունաբերական եւ ներդրումային ծրագրերի վարկավորման նպատակով իրականացվել է 21 վարկավորման ծրագիր:

Տիգրան Դավթյանը տեղեկացրել է նաեւ, որ արդեն ձեւավորվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդները` կազմված էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության եւ նշված ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաեւ ոսկերչական արտադրատեսակների արտադրության ոլորտի ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ:

Նիստում հաստատվել է դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտներում 2012-2015 թվականների գործողությունների ծրագրի նախագիծը, խորհրդի անդամների հավանությանն է արժանացել նաեւ կոնյակագործության ոլորտի ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թվականների գործողությունների ծրագրի նախագիծը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստը նախագահել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG