Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, Երեւան, 20-ը հուլիսի, 2012թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, Երեւան, 20-ը հուլիսի, 2012թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարել է, թե Հայաստանում անպատժելի մարդիկ չկան:

Նշելով, որ հանցագործությունների քննության ընթացքում Ոստիկանությունը պետք է բացառի այնպիսի գործելակերպը, որը կասկածի տակ է դնում օրենքի առջեւ բոլորի հավասարության, անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելու սկզբունքները` Հանրապետության ղեկավարը ընդգծել է. - «Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ եւս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը»:

Նշենք, որ Ոստիկանության կոլեգիայի այսօրվա նիստին Հանրապետության ղեկավարին զեկուցվել են այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների գործունեության արդյունքները, որոնց համաձայն` նախորդ տարվա առաջին վեց ամիսների համեմատ` 2012 թվականի առաջին վեց ամիսներին Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 10.7 տոկոսով կամ 905 դեպքով:

Կոլեգիայի նիստից հետո Ոստիկանության մի շարք կառույցների ղեկավարներ` ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, հանդիպեցին լրագրողների հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Ոստիկանության պետի տեղակալ, Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը տեղեկացրեց, թե որոշում են կայացրել առաջիկա ժամերին դիմել դատարան` Ազգային ժողովի պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդուն` Արտակ Գեւորգյանին կալանավորելու միջնորդությամբ:

«Նա ձերբակալված է, եւ այսօր անպայման կալանքի միջնորդությամբ մտնելու ենք դատարան: Ես հուսով եմ, որ դատարանը, օբյեկտիվ քննարկելով, պետք է բավարարի մեր միջնորդությունը», - ասաց Համբարձումյանը:

Հիշեցնենք` Արտակ Գեւորգյանը ձերբակալվել է այս չորեքշաբթի եւ կասկածվում է բռնություն գործադրելու սպառնալիքով երկու մեքենա առեւանգելու մեջ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետը խոսեց նաեւ աղմկահարույյց մեկ այլ գործի` «Հարսնաքար»-ի միջադեպի մասին:

Ուղիղ տասը օր առաջ Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի վարչության պետ Արսեն Այվազյանը նշել էր, թե Ոստիկանությունը դիմել է հեռախոսային օպերատորներին ու առաջիկա օրերին հնարավորություն կունենա վերծանել «Հարսնաքար»-ի գործով կալանավորվածների հեռախոսազանգերը, ինչը հնարավորություն կտա ճշտել մամուլում շրջանառվող լուրերը, թե միջադեպի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հեռախոսակապի մեջ է եղել ռեստորանի անվտանգության աշխատակիցների հետ:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ցույց տվել հեռախոսազանգերի վերծանումը` Քննչական գլխավոր վարչության պետը նախ ասաց, որ քանի որ Հայրապետյանը հարուցված քրեական գործով կասկածյալ չէ, իրենք իրավունք չունեին վերցնել նրա հեռախոսազանգերի վերծանումը: Իրենք, սակայն, դիմել էին դատարան, ստացել թույլտվություն գործով կալանավորված անձանց հեռախոսազանգերի վերծանությունները պահանջելու. - «Արդեն իսկ ստացել ենք վերծանումները, եւ այդ ուղղությամբ` վերծանումների, կոնտակտների ուղղությամբ այս պահին գնում է արդեն քննություն»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ո՞ր փուլում է այսօր գտնվում Վանո Սիրադեղյանի գործը եւ ի՞նչ կձեռնարկի Ոստիկանությունը, եթե Սիրադեղյանը վերադառնա Հայաստան:

Վերջին շրջանում Facebook սոցիալական ցանցում եւ լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի` Հայաստան վերադառնալու հնարավորությունը:

«Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործը ոստիկանության նախաքննական ապարատի վարույթում չէ: Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կա հետախուզական գործ, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, հետախուզական գործի վարույթն իրականացնում է Քրեական հետախուզություն գլխավոր վարչությունը», - այս կապակցությամբ ասաց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը` հավելելով, որ Հայաստանում հայտնվելուն պես Սիրադեղյանը կձերբակալվի:

please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG