Մատչելիության հղումներ

Արեւմտյան լրատվամիջոցները Ղարաբաղի ընտրությունների մասին


Օտարերկրյա դիտորդը հետեւում է Ղարաբաղի նախագահի ընտրությունների ընթացքին` Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 19 հուլիսի, 2012
Օտարերկրյա դիտորդը հետեւում է Ղարաբաղի նախագահի ընտրությունների ընթացքին` Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 19 հուլիսի, 2012
Արեւմտյան մի շարք հեղինակավոր պարբերականներ ու հեռուստաընկերություններ այսօր անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին՝ հիմնականում արտատպելով Associated Press-ի հաղորդագրությունը, որը փաստում է՝ աշխարհի որեւէ պետության կողմից չճանաչված այս երկրում նախագահ են ընտրում, մինչդեռ մտավախությունները հակամարտության վերսկսման շուրջ գնալով ավելանում են։

Փորձագետները զգուշացնում են, որ այս տարածաշրջանը վառոդով լի տակառ է, որ ցանկացած պահի կարող է բռնկվել` հաշվի առնելով էներգակիրներով հարուստ եւ սեփական պաշտպանական համակարգի բյուջեն ավելացնող Ադրբեջանը, մյուս կողմից` վերջնական խաղաղություն գտնելու ուղղությամբ միջազգային ջանքերի անարդյունավետությունը։ Չնայած 1994 թվականի հրադադարին, սահմանին արձանագրվող մահացու փոխհրաձգությունները հաճախակի բնույթ են կրում, փաստում են արեւմտյան լրատվամիջոցները` հավելելով, որ Ղարաբաղի անտառները մինչ օրս պատված են մահաբեր ականներով։

«Եթե պաշտոնական Բաքուն սկսի պատերազմը, ոչ միայն համապատասխան արձագանք կստանա Ղարաբաղի բանակի կողմից, այլեւ կհայտնվի միջազգային հանրության կողմից մեկուսացված վիճակում», - «Ֆրանսպրես»-ին ասել է գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը եւ ընդգծել, որ Ղարաբաղի ժողովուրդը անսասան կամք ու հավատք ունի սեփական երկրի ապագայի նկատմամբ:

Արեւմտյան գործակալություններ մեջբերում են նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը` ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն անօրինական է որակում քվեարկությունը եւ պնդում է, որ դրանք անցկացվում են օկուպացված տարածքներում։

Ի պատասխան այդ մեղադրանքների` Ղարաբաղի արտգործնախարար Վասիլի Աթաջանյանը «Ռոյթերզ»-ին ասել է՝ մենք ունենք բոլոր հիմքերը պնդելու աշխարհի առջեւ, որ անցկացնում ենք օրենքին համապատասխան ընտրություններ, եւ որ որեւէ տարբերություն չկա այս ընտրությունների եւ ժողովրդավար Եվրոպայում անցկացվող քվեարկությունների միջեւ։

Չնայած դրան, Եվրամիության արտգործնախարարը հայտարարել է, թե պաշտոնական Բրյուսելը չի ճանաչում այս ընտրությունների անցկացման սահմանադրական եւ օրենսդրական շրջանակր։

Արեւմտյան լրատվամիջոցները նաեւ ներկայացնում են փորձագետների տեսակետները: «Ֆրանսպրես»-ը զրուցել է Վաշինգտոնում գործող Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանթ Քորնելի հետ, ով նշել է, թե միջազգային համայնքը դեռեւս որեւէ նշանակալից ջանք չի գործադրել այս խնդիրը լուծելու ուղղությամբ, մինչդեռ երկու կողմերում առկա ներքին խնդիրները կարող են տարաձայնությունը կրկին լայնամասշտաբ հակամարտության վերածել։

«Այս իրավիճակը չի կարող անվերջ այսպես շարունակվել, կգա մի պահ, երբ ինչ-որ բան դուրս կգա վերահսկողությունից», - ասել է ամերիկացի փորձագետը եւ հավելել, - «Այս հակամարտությունը ժամացույցով աշխատող ռումբ է, եւ եթե դրա հետ ոչինչ չարվի, կարծում եմ՝ ինչ-որ պահի այն կվերածվի նոր զինված հակամարտության»։

Հակամարտող երկու կողմերն էլ ներքաշվել են սպառազինությունների մրցավազքի մեջ, եւ գնալով ավելի շատ միջոցներ են տրամադրում բարդ զինատեսակներ ձեռք բերելու համար, իր հերթին փաստում է Հարավային Կովկասում «ԲիԲիՍի»-ի թղթակիցը՝ ընդգծելով, որ լայնամասշտաբ հակամարտությունը այս անգամ էլ ավելի վնասարար հետեւանքներ կունենա, հատկապես եթե դրա մեջ ներքաշվեն տարածաշրջանային գործընկերները՝ Ռուսաստանը կամ Թուրքիան։

Արեւմտյան լրագրողները զրուցել են նաեւ Ղարաբաղի շարքային քաղաքացիների հետ՝ ընդգծելով, որ մեծ մասը առաջին հերթին խոսում է խաղաղության մասին:

«Եթե այս հակամարտությունը կարգավորվի, կառավարությունը կկարողանա իր միջոցները օգտագործել նոր աշխատատեղեր բացելու, թոշակներ ու նպաստները բարձրացնելու վրա», - «Ֆրանսպրես»-ին ասել է Ղարաբաղի բնակիչ Լիդա Դադայանը, ում ամուսինը սպանվել է, իսկ որդին՝ անհետ կորել ղարաբաղյան պատերազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG