Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն երբեք «իշխանության դեմ դուրս չի գա»


«Այն կապիտալը, որը կա «Բարգավաճ Հայաստան»-ի որոշ անդամների ձեռքում, թույլ չի տա, որ կուսակցությունը դեմ դուրս գա իշխանություններին», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախորդ գումարման խորհրդարանում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Նախկին պատգամավորի խոսքով` կուսակցությունում կան մարդիկ, ովքեր «կուտակել են որոշակի հնարավորություններ». - «Եվ այս երեւույթը, բնականաբար, թույլ չի տալու, որպեսզի նրանք գնան առճակատումների իշխանության հետ»:

Հարցին, թե կոնկրետ ում մասին է խոսում, Բոստանջյանը պատասխանեց. - «Իմ մասին եմ ասում: Որովհետեւ եթե իմ հայտարարագիրը տեսնեք, ի տարբերություն բազմաթիվների հայտարարագրերի, այնտեղ ամենաշատ եկամուտներից մեկը ես ունեմ»:

Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր համարվում է Հայաստանի ամենահարուստ պատգամավորներից մեկը:

Անցած խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան»-ն ընդդիմադիր երկու ուժերի` ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, թե` Ազգային ժողովի ընտրությունները անցան «համատարած խախտումներով» եւ ձեւավորված խորհրդարանն էլ «չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»:

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը հրաժարավեց մաս կազմել իշխող նոր կոալիցիային եւ հայտարարեց, թե ինքը գործող իշխանություններին «այլընտրանք է»:

Հարցին, թե ինչ ասել է այլընտրանք իշխանություններին, Բոստանջյանը արձագանքեց. - «Ես չեմ կարող այդ մասին առարկայական բան ասել: Ինչ որ ասում եք, ինձ համար նորություն է, ես չեմ իմանում ինչի մասին եք դուք ասում… Ես գիտեմ, որ այդպիսի բան չի լինում աշխարհում… Ինչի՞ն այլընտրանք… Միգուցե ես ավելի սահմանափակ մտածողություն ունեմ, բայց ես չեմ կարողանում հասկանալ դա: Գրականության մեջ, բառարաններում շատ ինտենսիվ ու հետեւողական ման եմ եկել` չեմ գտել… Միգուցե չե՞ն հասցրել բառարանում տեղադրել այդ բանը»:

Բոստանջյանը նշեց, թե շարունակում է մնալ այն կարծիքին, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հիմքեր չունի առաջիկա նախագահական ընտրություններին ներկայիս նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին չսատարելու համար. - «Ես որպես անհատ մնացել եմ իմ կարծիքին»:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիր կամ ոչ կոալիցիոն ուժերը որքանով կհաջողեն միասնական թեկնածուով հանդես գալ առաջիկա նախագահական ընտրություններին, եւ այդ թեկնածուն հաղթելու ինչ հնարավորություններ ունի, Բոստանջյանն ասաց. - «Եթե անգամ իրենց հաջողվի էլ ձեւավորել այդ միասնական թեկնածուն, դա որեւէ նշանակություն չի կարող ունենալ մեր ընդհանուր երկրի զարգացման համար: Որովհետեւ այս ընդդիմադիր ուժերը չեն կարողացել հասնել այն մակարդակին, որ իրենք արտահայտեն հասարակության լայն զանգվածների ցանկությունները, սպասումները, իղձերը: Եվ այս պարագայում ձեւավորված կամ ստեղծված միասնական թեկնածուն, ըստ էության, պետք է լիրիկական բնույթ կրի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն արտահայտում է հասարակության իղձերը, նախկին պատգամավորն արձագանքեց. - «Բոլոր դեպքերում, եթե հասարակությունը ինչքան մեծ ձայներ է տվել, բնականաբար, հակված է… Օրինակի համար, վատ բան է՞, որ մեր հասարակությունը դեռեւս կարող է շատ լավ զգալ իրեն ժամկետանց ձեթեր ստանալով»:

Բոստանջյանն ամենեւին իրատեսական չի համարում, թե ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուն կարող է հաղթել ընտրություններում` փաստարկելով. - «Որովհետեւ գործող իշխանությունը ուժեղ է»:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG