Մատչելիության հղումներ

Իշխանյան․ «Մեր քննիչները այլ մեթոդ չգիտեն, բացի ցուցմունքներ կորզելուց»


Հայաստան -- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում, արխիվ
Հայաստան -- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում, արխիվ
Իրավապաշտպանները կիսում են Մարդու իրավունքների պաշտպանի բարձրաձայնած մտահոգություններն այն մասին, որ հոգեբանական ճնշումը, էլեկտրական շոկի կիրառումը, դաժան ծեծն ու անմարդկային վերաբերմունքը ուժային կառույցներում շարունակական բնույթ են կրում:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հուլիսի 13-ին նամակով դիմել էր վարչապետին` խնդրելով նրա միջամտությունը այս խնդիրների լուծման ուղղությամբ:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչում է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անցած տարիների զեկույցները: Դրանցում անդրադարձ է կատարվում ոստիկանական բաժանմունքներում, կալանավայրերում անմարդկային վերաբերմունքի տարբեր տեսակներին: Նա նշում է, որ Հայաստանը 2002 թվականից շարունակում է չկատարել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պահանջները` դադարեցնել անմարդկային նման մեթոդների կիրառումը:

«Որեւէ բան չի փոխվում, որովհետեւ մեր ոստիկանության քննիչները այլ մեթոդ չգիտեն, բացի խոստովանական ցուցմունքներ կորզելուց եւ ցանկացած անձի մեջ, որին կասկածում են, հանցագործ տեսնելուց», - արձանագրում է իրավապաշտպանը, - «հանցագործությունների բացահայտման միակ ձեւը ինքնախոստովանական ցուցմունքներն են, որ ուղեկցվում են այդպիսի մեթոդներով»։

Ցուցմունքներ կորզելու եւ անմարդկային մեթոդների կիրառման պատճառները մի քանիսն են, նշում է իրավապաշտպանը՝ թվարկելով դրանք. պրոֆեսիոնալիզմի պակաս, ռեսուրսների սակավություն, դատական համակարգի անկախության պակաս, դատախազության կողմից ոստիկանության նկատմամբ թույլ վերահսկողություն, ինչպես նաեւ հասարակության կողմից հանցագործության մեջ կասկածվողի կամ հանցագործի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի առկայություն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշում է, որ Հայաստանի ոստիկանությունում համակարգային փոփոխություններ չեն կատարվում: Նա մատնանշում է համայնքային ոստիկանության ներդրման գաղափարը, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Այս դեպքում, ըստ իրավապաշտպանի, ոստիկանը պատասխանատվություն կկրի համայնքի առջեւ, որի ղեկավարի կողմից էլ նա նշանակվել է:

«Հաջորդ խնդիրն այն է, որ ոստիկանության աշխատողների նկատմամբ բողոքները քննում է հենց ոստիկանությունը, եւ նման գործերում կայացվում են կամայական որոշումներ», - ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանները նշում են, որ քանի դեռ չկա քաղաքական կամք, անկախ դատական համակարգ ու այլ գերատեսչությունների անկախություն, ուժային կառույցներում անմարդկային վերաբերմունքը շարունակվելու է։

please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG