Մատչելիության հղումներ

Ծանր հիվանդ դատապարտյալների ազատ արձակման խնդիրը չի լուծվում


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը շարունակում է հայտարարել, որ կառավարության անգործության պատճառով ծանր հիվանդ դատապարտյալների կյանքին վտանգ է սպառնում:

Ազատազրկման վայրերի պայմաններն ու բանտարկյալների վիճակը պարբերաբար դիտարկող խմբի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ահազանգում է, որ ծանր հիվանդ դատապարտյալները հայտնվել են անելանելի վիճակում:

«Կառավարությունը ունի հաստատված հիվանդությունների ցանկ, եւ եթե դատապարտյալները ունեն այդ ցանկի մեջ ներգրավված որեւէ հիվանդություն, ապա դա հիմք է հանդիսանում հարցը քննարկելու միջգերատեսչական հանձնաժողովում եւ որոշում կայացնելու` պատժի կրումից նրան ազատելու վերաբերյալ», - ասաց Սաքունցը:

Կառավարության որոշմամբ դեռեւս 2003 թվականին ստեղծված արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը զբաղվում է այն հիվանդ դատապարտյաների ազատ արձակման խնդրով, որոնց հիվանդությունների պայմաններում դատապարտյալների պահումը քրեակատարողական հիմնարկներում անհնար է: Կառավարությունը սահմանել է նաեւ այդ հիվանդությունների ցանկը:

Դեռ անցած տարեվերջին քրեակատարողական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նամակ էր հղել արդարադատության նախարարին` անդրադառնալով երկու ծանր հիվանդ դատապարտյալների խնդրին: Խումբը նշել էր, որ միջգերատեսչական հանձնաժողովն արդեն վեց ամիս է ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ հիվանդների ազատ արձակման ուղղությամբ: Ի պատասխան` արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը գրել էր, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքում մշակվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր:

Սաքունցը եւ հասարակական դիտորդների խմբի մեկ այլ անդամ Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհասկանալի որակեցին նախարարի խորհրդականի պատասխանը: Հարությունյանն ասում է, թե նույնաբովանդակ նամակներ իրենք էլի են ստացել, սակայն դրանցով ծանր հիվանդ դատապարտյալների խնդիրները չեն լուծվում, քանի որ նրանք շարունակում են տառապել իրենց հիվանդություններից` մնալով անօգնական վիճակում: Հարությունյանը պատմեց, որ արդարադատության նախարարության բժշկական միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն իրենց հետ հանդիպումներում ասում են, թե հանձնաժողովը չունի գործունեության հայեցակարգ, ուստի որոշումներ կայացնել չի կարող: Մինչդեռ նախորդ տարի հանձնաժողովի որոշմամբ դատապարտյալ կանանցից մեկն ազատ է արձակվել: Ազատ արձակվելուց մի քանի օր անց նա մահացել է:

«Եթե միջգերատեսչական հանձնաժողովը հրատապ կերպով, արագ հավաքվում է, կարողանում է որոշում կայացնել մի դատապարտյալի հետ կապված` արագ ազատելով նրան, ուրեմն այստեղ կամայական մոտեցում կա», - ասաց Հարությունյանը:

52-ամյա դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը տառապում է պարկինսոնի հիվանդությամբ: Հասարական դիտորդների խումբը նրա մասին եւս ահազանգել է արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին` խնդրելով ազատել պատժից: Դիտորդները մինչ այժմ կոնկրետ պատասխան չեն ստացել:

Դոխոլյանի կինը` Գոհար Մատինյանը եւս նամակներ է հղել տարբեր գերատեսչություններ` խնդրելով ազատ արձակել ամուսնուն: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ամուսինն առանց օգնության չի կարողանում տեղաշարժվել:

«Համարյա չի կարողանում քայլել, ձեռքերը, ոտքերը դողում են, քայլում է, ասում ես, հիմա բերանի վրա կընկնի: Երկու անգամ ինսուլտ է տարել, ու բազմաթիվ օջախներ կան: Ճնշումը հաճախակի բարձրանում է: Եթե տեսնեք, կզարմանաք, թե այդ մարդուն ոնց են էդտեղ պահում», - ասաց Մատինյանը:

Հասարակական դիտորդների խումբը դատապարտյալների առողջական վիճակի մասին ուսումնասիրություններ է սկսել, որի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG