Մատչելիության հղումներ

Միջնորդները քննարկում են նաեւ շփման գծում վերջին միջադեպերը


Տարածաշրջան ներկայիս այցի շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի հետ մեկտեղ քննարկում են նաեւ վերջին միջադեպերը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին մինչ շփման գիծը հատելը Բարդայում լրագրողների հետ զրույցում հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

Նշելով, որ Բաքվում արդեն բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ռուսաստանցի դիվանագետը շարունակել է. - «Այսօր մենք կլինենք Լեռնային Ղարաբաղում, իսկ վաղը` Հայաստանում։ Նախատեսում ենք հանդիպել Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ։ Մենք նրանց հետ եւս կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական բազային սկզբունքները, ինչպես նաեւ ճակատում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»։

Հունիսի սկզբից մինչ օրս շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական եւ ադրբեջանական կողմերից զոհվել են շուրջ մեկ տասնյակ զինծառայողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG