Մատչելիության հղումներ

Հուլիսի 10-ի մամուլ


«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Oլիգարխիան մտածողության տեսակ է, կենսակերպ, որով արդեն ապրում են ոչ միայն երեւացող օդիոզ օլիգարխները, այլեւ նրանց հովանավորողներն ու, որքան էլ տարօրինակ հնչի, նրանց դեմ առերեւույթ պայքարողները: Հայաստանում, բացի արտաքուստ երեւացող ու տնտեսական գերշահույթների հետ նույնացվող օլիգարխներից, կա օլիգարխիայի եւս մի տեսակ, որին պայմանականորեն կարելի է անվանել մտքի, մտածելու կամ գաղափարի օլիգարխիա, որը օլիգարխիա է քաղաքական դաշտում: Իշխանության որեւէ ներկայացուցիչ չի համարձակվում որեւէ միտք արտահայտել, եթե դա նախապես ճշտված չէ իշխանության վերնախավի հետ: Նույն վիճակն է նաեւ ընդդիմության դաշտում. Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքից որեւէ շեղվող անմիջապես հայտարարվում է որպես դավաճան եւ ծախված: Իրավիճակը չի տարբերվում նաեւ իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ում, որտեղ Գագիկ Ծառուկյանի ասածներից, «հասկանալի պատճառներով», շեղվելու իրավունք ունի միայն Վարդան Օսկանյանը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանում ծավալվում են բավականին բուռն զարգացումներ «Հարսնաքարի» միջադեպից հետո, եւ առայժմ այդ զարգացումներում հատկանշական է այն, որ քաղաքական ուժերը որոշակիորեն հայտնվել են արձագանքողի կամ դիտորդի դերում: Այսինքն` ակնհայտ է, որ նրանք ներկայումս կամ չգիտեն ինչպես արձագանքել հասարակական այս ակտիվությանը եւ ընդամենը գնում են դրա հետեւից, մինչեւ որ կմշակեն իրենց անելիքի քիչ թե շատ հայեցակարգային ինչ-որ բան, կամ էլ լիովին գիտակցված, եւ ըստ էության առաջին անգամ փորձում են չխանգարել քաղաքացիական ակտիվությանը եւ չկատարել քայլեր, որոնք ավելորդ կուսակցականության տարրեր կներմուծեն շարժման մեջ եւ կկատարեն խանգարող դեր հանրային ընթացքի համար: Այդ իմաստով, առայժմ կարելի է օրինակելի համարել գրեթե բոլոր քաղաքական ուժերի վարքը, որոնք շարժման, հանրային ակտիվության մեջ ներգրավվել են բացառապես որպես շարքային մասնակիցներ, շարքային քաղաքացիներ»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանություն հայաստանյան հիմնադրամի նախագահ Լեւոն Ներսիսյանը նույնպես անդրադարձել է «Հարսնաքար»-ի դեպքին. - «Այս պատմությունը Ռուբեն Հայրապետյանից չի սկսվել, ոչ էլ վերջանալու է «Հարսնաքարի» ցավալի միջադեպով. «թիկնապահ» ասածը պետք է ինչ-որ կերպ կանոնակարգվի մեր երկրում։ Եթե ես՝ հասարակ քաղաքացիս, քայլում եմ փողոցով, մտադիր չեմ հարձակվել որեւէ մեկի վրա, կարծում եմ, անիմաստ է թիկնապահների մի ամբողջ բանակ պահել ինձանից «պաշտպանվելու» համար։ Իսկ եթե իրենց նմաններից պետք է պաշտպանվեն, պետք է լինեն հստակ չափանիշներ՝ ովքեր կարող են նման ծառայություն իրականացնել, ինչ իրավասությունների շրջանակում եւ այլն։ Նորմալ երկրներում կան նմանատիպ ինստիտուցիոնալ կառույցներ. եթե ուզում ես ապահովել քո անվտանգությունը, դիմում ես նրանց, եւ նրանք գիտեն՝ ինչպես դա անել։ Իսկ եթե փողոցային «հեղինակությանը» բերում, դարձնում ես թիկնապահ, ապա՝ ներողություն. դա պահնորդական ծառայություն չէ՝ հասարակությանը նետված մարտահրավեր է»։

«Առավոտ»-ին հարցազրույց է տվել Լեռնային Ղարաբաղի նախագահ եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը: Լրագրողը հարցնում է. - «Կարելի՞ է արձանագրել, որ ի հակառակ բոլոր հոռետեսական կանխատեսումների եւ տարաբնույթ վերլուծությունների՝ ԼՂՀ տեսակետն արցախյան խնդրի վերաբերյալ փոփոխման չի ենթարկվել»: Պատասխան. - «Ամեն ինչ շատ հստակ է եւ միանշանակ: Այսօր մեր վճռական մոտեցումը որեւէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի: Կարեւոր է, որ մեր տեսակետը որեւէ փոփոխություն չի կրել այն առումով, որ վերադարձ 1988թ. կարգավիճակին եւ տարածքներին երբեւիցե չի կարող լինել: Դժվար է պատկերացնել որեւէ մի իրավիճակ կամ գործընթաց, որը կարող է շեղել մեզ մեր ընտրած ուղուց: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ ԼՂՀ-ն նորից լիիրավ մասնակցություն կունենա բանակցային գործընթացին: Այս ուղղությամբ արդեն երկար ժամանակ է, որ համապատասխան եւ նպատակաուղղված աշխատանք է իրականացվում թե՛ ԼՂՀ եւ թե՛ ՀՀ իշխանությունների կողմից»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր հարազատ կուսակցությունը այդպես էլ չհայտարարեց` ինքն իշխանություն է, թե ընդդիմություն: Այդ կարգավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը խորհրդարանում»: Պատասխան. - «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանդես ենք գալիս որպես այլընտրանք, որի հիմնական գործունեությունը լինելու է այն, որ այն բոլոր օրենքները, որոնք կարեւոր են մեր երկրի համար` անկախ նրանից, թե խորհրդարանական որ ուժի կողմից է դա առաջ քաշվելու, մեր կողմից պաշտպանվելու է: Եվ հակառակը` այն օրենսդրական գործունեությունը, որ շահեկան չի լինելու Հայաստանի քաղաքացիների համար եւ նրա շահերից չի բխելու, միանշանակ լուրջ դիմադրության է արժանանալու: Այնպես չէ, որ եթե իշխանությունն է այդ նախագիծը ներկայացրել, անկախ նրանից` լավն է, թե վատն է, մենք ասում ենք` դեմ ենք կամ դեմ չենք եւ հակառակը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG