Մատչելիության հղումներ

Հուլիսի 5-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - ««Հարսնաքարի» դեպքերը, որ ցնցեցին մեր հասարակությունը, դեռ շատ վերլուծությունների ու եզրահանգումների տեղիք կտան: Բայց մի բան փաստ է, որ մեր հասարակությունն արթնացել է: Գուցե նրան դեռեւս այնքան էլ չի հետաքրքրում ժողովրդավարական ինստիտուտների վիճակը, գուցե նա դեռեւս այնքան էլ չի կարեւորում ընտրությունները, գուցե դեռ չի ըմբռնել, որ իշխանական աթոռներին նստածները հաշվետու են իրեն, եւ ինքն է երկրում իրական իշխանությունը, բայց այլեւս հասկացել է, որ չեն կարող «հաբռգած» օլիգարխն ու նրա հանցագործ թիկնապահն անպատիժ մնալ եւ ոտնձգություն անել մարդու ամենակարեւոր իրավունքի՝ ապրելու իրավունքի դեմ: Այս ամենի մեջ մի ուրախալի փաստ էլ կա. ժողովուրդը, հասարակությունն իր ձեռքն է վերցրել քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության համար պայքարի դրոշը: Նա ինքն է փորձում երկրում կարգուկանոն հաստատել՝ չսպասելով քաղաքական պրոցեսների զարգացմանն ու քաղաքական ուժերի քայլերին: Մինչդեռ ողջ աշխարհում նման գործընթացները ղեկավարվում են քաղաքական ուժերի կողմից»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ lragir.am-ում կարդացի՝ բացառված չէ, որ Ռուբեն Հայրապետյանը «փոշմանի» եւ որոշի իր մանդատը վայր չդնել՝ տեղի տալով իր ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի խնդրանքներին: Դա ինձ քիչ հավանական է թվում, ավելի շուտ հնարավոր է հակառակը՝ նա համոզի իր գործընկերոջը հրաժարվել պատգամավորությունից: Եթե նման բան տեղի ունենա, դա դրական կերպով կբնութագրի երկուսին էլ: Ի դեպ, կարծում եմ, պետք է տարանջատել օլիգարխների քաղաքական եւ հասարակական գործունեությունը: վաղուց արդեն ժամանակն է անցնել նորմալ «քաղաքացիական» կյանքին: Դրա առաջին քայլը կարող էր լինել օլիգարխներին խորհրդարան չթողնելը: Բայց, ըստ երեւույթին, ՀՀԿ-ն դա չէր կարող անել, քանի որ կարծր մրցակցության մեջ էր ԲՀԿ-ի հետ, որտեղ նույնպես մեծուփոքր օլիգարխներ կան: Հիմա, հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի քայլը, գուցե կա՞ տարբերակ, որ հիշյալ երկու կուսակցությունների օլիգարխները վայր դնեն իրենց մանդատները: Ինչների՞դ է պետք անընդհատ քննադատության եւ ծաղրի թիրախ լինելը»:

«Ժամանակ»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայաստանում պետական համակարգի առողջացման գլխավոր պայմաններից նշվում է օլիգարխիկ համակարգի կազմաքանդումը»: Պատասխան. - «Մեծ միամտություն է դա պայման համարելը: Օլիգարխիկ համակարգի կազմաքանդումը հետեւանք է: Այն կարող է լինել Հայաստանի քաղաքակրթական ռելսերի արմատական փոփոխության հետեւանք, ինչպես եղավ հարեւան Վրաստանում: Այլ բան օբյեկտիվորեն անհնար է: Իսկ եթե համառորեն կառչած մնանք այն անհեթեթությանը, թե հնարավոր է, որ եռացող կաթսայում սառը կետեր լինեն, այսինքն` ռուսական աշխարհաքաղաքական տարածքում արեւմտյան քաղաքակիրթ համակարգ գործի, ուրեմն կարող ենք նաեւ ինքնախաբվել, թե քաղաքացիական հասարակությունը կանի այն, ինչ չկարողացավ անել քաղաքական շարժումը, վաղն էլ կինքնահուսադրվենք, թե էքստրասենսները դա կանեն: Եվ այսպես շարունակ»:

Այսօր մեկնարկող ՀՅԴ գերագույն ժողովի առթիվ «168 ժամ»-ը զրուցել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀՅԴ գերագույն ժողովին նախորդած կուսակցական միջոցառումների ժամանակ դժգոհություններ ու քննադատություններ են հնչել ձեր կուսակցության ղեկավարների նկատմամբ: Ո՞րն է այդ դժգոհոության պատճառը, եւ ի՞նչ քննարկումներ են ընթանում»: Պատասխան. - «Նման քննարկումներ միշտ էլ եղել են մեծ ժողովներից առաջ, պարզապես մեր հասարակությունը սովոր չի տեսնել ներքին ժողովրդավարական չափանիշներով գործող կազմակերպություն: Որքան էլ մեր մասին խոսում են, թե փակ են, ՀՅԴ-ն այս երկրում միակ ժողովրդավարական կուսակցությունն է: ՀՅԴ Գերագույն ժողովին նախորդում են ստորին մակարդակների ժողովները, որտեղ, բնականաբար, շատ բուռն քննարկումներ են տեղի ունենում: Այդ ժողովների ժամանակ քննադատության ու դժգոհության հիմնական թիրախը ղեկավարությունն է լինում, որովհետեւ նրանք են հաշվետվություն ներկայացնում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Արդեն մի քանի տարի է` Հայաստանի իշխանությունները չտեսնված եռանդով քչփորում են երկրի տարածքը, ու որտեղ ինչ հանքավայր են հայտնաբերում` տեղում սկսում են շահագործել կամ վաճառել օտարերկրացիներին: Ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում. հարյուրավոր հեկտարներով անտառ է պետք ոչնչացնել` հարց չկա, գյուղեր պետք է տեղահանվեն` պրոբլեմ չկա, ջրամբարներ պիտի թունավորվեն` ջանդամը, թե չեն թունավորվի: Պատճառաբանությունը միշտ նույնն է` «վիզ փող ա պետք» (պաշտոնապես դա հնչում է այսպես` խթանում ենք արտահանումը եւ աշխատատեղեր ենք ստեղծում): Ամենացավալին այն է սակայն, որ ինչ-որ իմաստով իշխանություններն իրավացի են: Եթե Հայաստանի ընդերքում կան հարստություններ, որոնք պատկանում են ոչ միայն մեզ, այլեւ մեր սերունդներին, պետությունը պարտավոր է դրանք խնայել «նեղ օրվա համար», բայց մյուս կողմից էլ` տնտեսական առումով Հայաստանը հազիվ թե սրանից ավելի «նեղ օր» ունենա»:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG