Մատչելիության հղումներ

Ռուսաստանում օղին թանկացավ 30 տոկոսով


Հետաքրքիր շրջան է սկսվում Ռուսաստանում հուլիսի 1-ից՝ այսինքն երեկվանից․ օղին եւ մյուս թունդ ալկոհոլային խմիչքները թանկացել են։

Եթե նախկինում կես լիտր օղին 98 ռուբլի արժեր, ապա այժմ ամենաէժան օղու կես լիտրանոց շշի գինը կազմում է առնվազն 125 ռուբլի։ Բայց սրանով ռուսաստանցի ալկոհոլի սիրահարների համար վատ լուրերը չեն ավարտվում։ Գնաճը ներառում է նաեւ կոնյակի արտադրանքը։ Ամենաէժան կոնյակի գինն այժմ կազմում է 219 ռուբլի՝ 193 ռուբլու դիմաց։

Ըստ «Ռոսիյսկայա Գազետայի», ստացվում է, որ ընդհանուր առմամբ օղին թանկացել է 30 տոկոսով, իսկ բրենդին ու կոնյակը՝ 14 տոկոսով։ Բացի այդ, մյուս խմիչքների գինը որոշվելու է կախված այն բանից, թե դրանք որքան ալկոհոլ են պարունակում։ Վատ լուր կա նաեւ գարեջրի սիրահարների համար։ Գարեջուրը Ռուսաստանում այսուհետեւ դասակարգվելու է իբրեւ ալկոհոլային արտադրանք։ Դրա հետ կապված, ըստ էության, գարեջրի գիշերային վաճառքը արգելվելու է՝ բացառությամբ հանրային սննդի օբյեկտների։ Արգելվում է նաեւ գարեջուր խմել հանրային վայրերում։

Մասնագետների հաշվարկների համաձայն, հուլիսի մեկը սեւ օր է ռուսաստանցի կրպակատերերի համար։ Նրանք այսուհետեւ իրավունք չունեն գարեջուր վաճառել՝ այդպիսով զրկվելով իրենց եկամուտների հիմնական աղբյուրից։ Մինչեւ հունվար ամիսը կրպակատերերը հնարավորություն կունենան վաճառելու մինչեւ 5 տոկոս ալկոհոլ պարունակող գարեջուր, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից գարեջրի վաճառքը կրպակներում ընդհանրապես կարգելվի։ Սա, որոշ փորձագետների կարծիքով, կնշանավորի կրպակների մահացման սկիզբը Ռուսաստանում։

Կրպակների փակումը ծանր կանդրադառնա նաեւ Ռուսաստանում աշխատող մեր հազարավոր հայրենակիցների վրա, որոնց մեջ քիչ չեն կրպակատերերը։

Ալկոհոլի եւ մասնավորապես օղու գների աճը Ռուսաստանում սվիններով է ընդունվում ժողովրդի կողմից։ Ռուսաստանի պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ օղու թանկացումը բունտերի պատճառ է դարձել։ Այս անգամ Ռուսաստանում կարծիքները կիսվում են՝ հատկապես օղու թանկացման շուրջ։

Ոմանք գտնում են, որ օղու թանկացումը կհանգեցնի օղու սպառման կրճատմանը, մարդիկ կսկսեն ավելի շատ գարեջուր եւ գինի օգտագործել, որոնց գները գրեթե չեն փոխվել կամ շատ քիչ են փոխվել։ Արդյունքում կարող են բարելավվել ռուսաստանցիների ֆիզիկական առողջության ցուցանիշները։

Սակայն գների աճը սրանով չի ավարտվում։ Շուրջ 15 տոկոսով թանկացել են նաեւ կոմունալ ծառայությունները։ Իսկ ճանապարհատրանսպորտային խախտումների համար նախատեսված տուգանքները որոշ դեպքերում 10 անգամ ավելացել են։ Օրինակ՝ սխալ տեղում մեքենան կայանելու համար վարորդները մինչեւ 3000 ռուբլի (38 հազար դրամ) տուգանք պետք է մուծեն։

Փորձագետների կարծիքով, այս գնաճը հատկապես ծանր կանդրադառնա Ռուսաստանի ծայրամասերի, գյուղական վայրերի, եւ ընդհանրապես հասարակության ամենախոցելի խավի՝ չքավորության վրա։

Ռուսաստանում սովորաբար թանկացումները տեղի են ունենում յուրաքանչյուր տարվա հունվարին։ Սակայն փորձագետները նշում են, որ այս անգամ թանկացումը հետաձգվեց՝ մարտին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ դժգոհության ցանկացած դրսեւորում կանխելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG