Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրությունները «չեն խափանել» ԵՄ-Հայաստան օրակարգը


Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պնդմամբ` Հայաստանի հարցով Եվրամիության դոնորների համաժողովը իրականում չի հետաձգվել:

«Եվրամիությունը մեր առավել կարեւոր գործընկերներից է եւ մեծ աջակցություն է բերում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը` ֆինանսական, խորհրդատվական թե այլ եղանակներով», - այսօր հրավիրած ասուլիս նշեց Մնացականյանը՝ ավելացնելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է ստեղծել «լրացուցիչ աջակցության հնարավորություններ Հայաստանին»` որպես դրա օրինակ նշելով դոնորների համաժողովը:

Խոսքը հավանական այն համաժողովի մասին է, որը, ըստ դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոյի հարցազրույցի, պետք է անցկացվեր խորհրդարանական ընտրություններից հետո:

«Այն, որ անցած խորհրդարանական ընտրությունները կարեւոր հանգրվան էին մեր գործընկերության զարգացման համար, երբեք գաղտնիք չի եղել: Սակայն մեր հարաբերությունների համար էական է բարեփոխումների շարունակական իրականացումը` իր ամբողջ ծավալով», - այս առնչությամբ հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:

«Թե երբ կանցկացվի Հայաստանի հարցով Եվրամիության դոնորների համաժողովը կհստակեցվի տարեվերջին», - «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցին երեկ հայտնել էր խոսնակ Փիթեր Սթանոն:

Նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հստակեցնում է, որ իրականում համաժողովը չի հետաձգվել. - «Առաջինը, որպեսզի մի բան հետաձգվի, պետք է ունենա արդեն հաստատված ժամկետ: Մենք դեռեւս չենք ունեցել հաստատված ժամկետ: Սա մեր օրակարգային հարցն է»:

Փոխնախարարի պնդմամբ` խորհրդարանական ընտրությունները չեն խափանել իրենց օրակարգը, իսկ Հայաստանի հանձնառած բարեփոխումներ չեն վերաբերում միայն ընտրությունների անցկացմանը:

Հայաստանի անցկացրած «ոչ բարձր որակի ընտրություն - դոնորների համաժողովի հետաձգում» փոխկապակցվածության վերաբերյալ շրջանառվող կարծիքի մասին Զոհրաբ Մնացականյանը ասաց. - «Սա որոշ չափով անտրամաբանություն է: Որովհետեւ հարցը վերաբերում է ամբողջ ծավալին մեր բարեփոխումների»:

Հայաստանյան բարեփոխումներին աջակցելու համար իրականացվելիք հավանական համաժողովի կազմակերպումը, ըստ Մնացականյանի, բավական լուրջ ու ժամանակատար աշխատանք է. - «Եվ մենք, իհարկե, ձգտում ենք, որպեսզի ունենանք որակյալ միջոցառում: Ինչպես դա կկատարվի եւ երբ դա կկատարվի` կախված է, թե ինչպես մենք կաշխատենք Եվրամիության հետ: Եվ մենք, բնական է, ցանկություն ունենք, որ դա արագ լինի: Բայց նաեւ պետք է ուշադրություն դարձնենք, որ դա որակով անցնի»:

please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG