Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցում է ԵԺԿ-ի գագաթնաժողովին


Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ժամեր առաջ մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Ավելի ուշ նա ԵԺԿ-ի գրասենյակում հանդիպում կունենա կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այսօր Սերժ Սարգսյանը նաեւ աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի եւ Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Հանդիպման ժամանակ կարեւորվել է Եվրամիության հետ խորհրդարանական հարթությունում, նաեւ երկկողմ՝ Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթ»-ի շրջանակներում համագործակցությունը:

Երկուստեք նշվել է, որ Հայաստան - Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը վկայում է կողմերի պատրաստակամության եւ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:

Սերժ Սարգսյանը Էլմար Բրոքին եւ Իոաննիս Կասուլիդեսին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Նա նշել է, որ ներկայումս Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում այդ բարեփոխումների ռազմավարությունից բխող համատեղ գործողությունների ծրագիր մշակելու շուրջ: Այդ համատեքստում կարեւորվել է Եվրոպական հարեւանության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG