Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կոչ է անում «լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության 20-ամյա հոբելյանի առթիվ:

Նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը կարեւորել է ՍԾՏՀ-ի կողմից նախանշվող եւ իրականացվող տնտեսական նախաձեռնությունների դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում, եւ փաստել, որ դրանք, միեւնույն ժամանակ, խթանում են տարածաշրջանում բնակվող ժողովուրդների խաղաղ եւ ներդաշնակ գոյակցությունը:

«Այս շրջադարձային պահին մենք խոսում ենք ՍԾՏՀ համապարփակ եւ երկարատև նոր տնտեսական օրակարգի մասին, որն ուղղված է միջազգային ասպարեզում կազմակերպության դերի եւ հեղինակության բարձրացմանը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ անդամ երկրներում սոցիալ-տնտեսական զարգացման հետագա խթանմանը», - ասված է նախագահի ուղերձում։ - «Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել եւ մնում է կազմակերպության կանոնադրությամբ նախանշված սկզբունքներին եւ նպատակներին` մշտապես բարեխղճորեն կյանքի կոչելով կազմակերպության կողմից ընդունված որոշումներն ու անդամ երկրների կողմից ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը»:

Սերժ Սարգսյանը, միաժամանակ, նշել է, որ ժամանակակից տնտեսական հարաբերությունների գլխավոր նախադրյալներն են անարգել շփումները, ռեսուրսների ազատ տեղաշարժը եւ մրցակցության հավասար պայմանները:

«Շրջափակումներն ու փակ սահմանները ոչ միայն երկկողմ եւ բազմակողմ տնտեսական փոխգործակցության անբնական խոչընդոտներ են, այլեւ անընդունելի բաժանարար գծեր 20-րդ դարի քաղաքական քարտեզի վրա: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ընդունել է այս բոլոր դրույթները, եւ բոլորս պարտավոր ենք հետեւել դրանց արդյունավետ կիրառմանը», - ասել է Հայաստանի նախագահը եւ անդամ երկրներին կոչ արել՝ «ջանքեր չխնայել տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ եւ լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը հանուն տարածաշրջանի հետագա բարգավաճման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG