Մատչելիության հղումներ

Հայաստանում են Amnesty international-ի ներկայացուցիչները


Հայաստանում են Amnesty international-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսը եւ համակարգող Նատալյա Նոզաձեն:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ իրենց այցի նպատակն է ուսումնասիրել մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոլորտները։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արտակ Զաքարյանը խոսել է կատարված բարեփոխումներից` ասելով, որ վերջին տարիներին Հայաստանը մարդու իրավունքների եւ ազատությունների, լրատվամիջոցների ազատ գործունեության, հասարակական-քաղաքական ակտիվության դրսեւորման ոլորտներում հասել է մեծ հաջողությունների: Նա վստահեցրել է, որ մարդու իրավունքների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Զաքարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպության ուսումնասիրությունները կլինեն բաց եւ ճշմարիտ: Նա նաեւ առաջարկել է ուսումնասիրել չճանաչված պետություններում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG