Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն «իրապես մտահոգված է» Օսկանյանին առնչվող գործընթացներով


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մանրամասնորեն հետեւում է նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող զարգացումներին:

Զոհրաբյանը հավելեց, որ իրենք «իրապես մտահոգված են» Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված գործընթացներով. - «Գագիկ Ծառուկյանը այս օրերին Հայաստանում չէ: Նա ամենայն մանրամասնությամբ հետաքրքրվում է գործի մանրամասներից: Մենք մեր կուսակից գործընկերոջ կողքին ենք, եւ առաջիկայում հնարավոր է «Բարգավաճ Հայաստան»-ը, որոշակի մանրամասներ ճշտելուց հետո, հանդես գա առավել համապարփակ գնահատականով»:

Վարդան Օսկանյանը, հիշեցնենք, բազմիցս հայտարարել է, որ իրենց գործունեությունը թափանցիկ է, եւ հարուցված քրեական գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:

Փորձեցինք Զոհրաբյանից ճշտել «Բարգավաճ Հայաստան»-ը ե՞ւս «Սիվիլիթաս»-ի գործում քաղաքական ենթատեքստ տեսնում է` նկատի առնելով այն, որ փողերի լվացման հատկանիշներով քրեական գործը հարուցվել է մայիսի 25-ին, այսինքն՝ իշխող կոալիցիայից հրաժարվելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարության հենց հաջորդ օրը: Զոհրաբյանը արձագանքեց. - «Շատ տարօրինակ եւ անսպասելի զուգադիպություններ կան, որոնք մեր երկրում, մեր տիպի երկրում հենց այնպես չեն լինում: Որոշակի մտահոգություններ այդ հարցում, իհարկե, կան… Ինչո՞ւ հիմա, երբ Օսկանյանը սկսեց ակտիվորեն ներգրավվել քաղաքական պրոցեսներում: Զուգադիպություններ, այդ թվում` շատ անսպասելի եւ տարօրինակ, իհարկե, կան, որոնք հենց քաղաքական հարթության մեջ որոշակի հարցեր առաջացնում են»:

«Եվ այդուհանդերձ, ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով չենք գնա, եւ չէի ցանկանա, որ այս կամ քաղաքական ուժի քաղաքական մոտիվացիաները ինչ-ինչ այլ` ոչ օրինական գործընթացների պատճառ դառնային», - եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի խորհրդարանական գործունեության մասին

Հարցին, թե խմբակցությունը Ազգային Ժողովի առաջիկա նիստերում արդյո՞ք կհայտարարի ընդդիմադիր լինելու մասին, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ «այս կամ այն դաշտում գործելու մասին» հայտարարությամբ հանդես գալը բացարձակապես Ազգային Ժողովի կանոնակարգի իմպերատիվ պահանջ չէ, ինչպես լրատվամիջոցներն են ներկայացնում:

«ԲՀԿ-ն բնականաբար իշխանության մաս չէ եւ գործելու է կառուցողական դաշտում», - հայտարարեց Զոհրաբյանը: - «Բացարձակ սեւի եւ բացարձակ սպիտակի այդ բաժանումն այլեւս արհեստական է: «Բարգավաճ Հայաստան»-ը լինելու է ամենաակտիվ խմբակցությունը, եւ շատ կարճ ժամանակում այդ սեւի եւ սպիտակի անպայմանորեն բաժանարար գիծ դնողները կհասկանան, որ այո, կա քաղաքական ուժ, որը ինքնանպատակ քննադատությամբ չի զբաղվելու, որը անտրամաբանական հայտարարություններ չի անելու՝ ընդամենը հակառակվելու համար... ինքնպատակ պառկել ռելսերին, բայց որը քննադատելու է այն դեպքերում, երբ կա դրա իրապես օբյեկտիվ անհրաժեշտությունը, երբ կան փաստեր»:

Ի պատասխան հարցին, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան»-ը քվեարկելու կառավարության ծրագրին, որն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, Զոհրաբյանը տեղեկացնելով, որ իրենց խմբակցությունը մեկ միասնական դիրքորոշում է արտահայտելու այս հարցում` նաեւ ակնարկեց, որ ծրագրին կողմ չեն. - «Կառավարության ծրագիրը դա Անդերսենի հեքիաթները կամ բեսթսելլեր չէ, որ լավ կամ վատ գրված լինի: Կառավարության ծրագիրը լինում է կամ կատարված, կամ չկատարված: Եվ, ի դեպ, ես համաձայն չեմ ձեւակերպման հետ, թե նոր կառավարությունը նոր ծրագիր է բերել: Ըստ էության, չի վոխվել վարչապետը, եւ կառավարությունը վստահաբար ողջ կազմով մնալու է անփոփոխ: Իսկ դա նշանակում է, որ այն կառավարությունը, որի գործունեության օրոք արձանագրվել է 14.8 տնտեսական անկում՝ շարունակելու է պաշտոնավարել: Իսկ թե ինչպիսին կլինի մեր գնահատականը, կտեսնեք «Բարգավաճ Հայաստան»-ի քվեարկության ժամանակ»:

Իսկ այն լուրերին, թե վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի մնալը դարձավ կոալիցիոն կառավարություն ձեւավորելուց հրաժարվելու՝ Գագիկ Ծառուկյանի որոշման պատճառը, ԲՀԿ խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. - «Ես չէի ցանկանա անձնավորել, կոնկրետ անձերի մասին խոսել. մեկ բան հստակ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը չի հաջողել, եւ այդ կառավարությունը հայտ է ներկայացնում գրեթե անփոփոխ կազմով շարունակելու իր գործունեությունը: Սա է խնդիրը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG