Մատչելիության հղումներ

Վարչապետին շնորհավորել է Չինաստանի պետական խորհրդի նախագահը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու եւ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

«Չինաստանի կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին եւ Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ եւ լավ գործընկեր: Ձերդ գերազանցություն, չինական կողմը բարձր է գնահատում Ձեր մեծ ներդրումը եւ աջակցությունը հայ-չինական հարաբերությունների եւ երկկողմ գործարար միջավայրի զարգացման գործում: Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունների եւ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցերում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք Ձեր աշխատանքում», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ ասված է ուղերձում:

Չինաստանի դեսպանը վարչապետի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում եւս երկու երկրների միջեւ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա տարբեր բնագավառներում: Թիան Չանչունը տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են Երեւանում չինական դպրոցի բացման աշխատանքները, որը կնպաստի Հայաստանում չինարենի տարածմանն ու զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG