Մատչելիության հղումներ

Կառավարությունը ցանկանում է նոր լիազորություններ տալ համայնքապետերին


Կառավարությունը հանդես է եկել համայնքապետերին նոր լիազորություններ տալու նախաձեռնությամբ, որի նպատակն է բարելավել հարկերի եւ տուրքերի հավաքման գործընթացը։

«Լինելու է մոտավորապես հետեւյալը (երեւի թե հենց այս աշուն)՝ ամեն տարվա արդյունքներով դուք որպես համայնքի ղեկավար պարտավոր եք լինելու բոլոր այն Տերտերյան Վաչեների նկատմամբ, ովքեր այդ տարվա կտրվածքով պարտք ունեն, կիրառել վարչական ակտ», - անցած շաբաթ Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ - «Ի դեպ, եթե դուք դա չանեք, միեւնույնն է՝ հաշվվելու է, որ դուք դա արել եք, բայց դրա համար դուք պատասխան եք տալու, որ չեք արել։ Հենց այս ակտը գրեցիք, իսկույն հայտնվելու է հարկադիր կատարողը։ Գալու է սրա հեռուստացույցը վերցնի, նրա այսինչը, նրա այնինչը․․․ Այս խիստ մեխանիզմը դրվելու է»։

Վաչե Տերտերյանի խոսքով, սա արվում է, որպեսզի հեշտացվի համայնքապետերի գործը, ովքեր դժվարանում են համագյուղացիների դեմ ակտ գրել։

«Ձեզ հեշտանալու է այն առումով, որ ձեր գյուղացին չի կարող ասել՝ դու իմ վրա գրեցիր, դատարան տվեցիր։ Դու գցելու ես իմ վրա՝ ասելու ես Վաչեն է մեղավոր, ինքն է գործ սարքել», - գյուղապետերին ասաց Տարածքային կառավարման փոխնախարարը։

Եթե կառավարության նախաձեռնությունը կյանքի կոչվի, առանց դատարանի վճռի՝ միայն համայնքապետի կազմած ակտի հիման վրա հարկադիր կատարողը իրավունք կստանա առգրավել պարտապանի գույքը։

Աղինի համայնքապետ Գագիկ Հակոբյանի կարծիքով, այս մեխանիզմի կիրառումը կթեթեւացնի համայնքապետի աշխատանքը։

«Բայց դա էլ արդեն բնակչությանը կվնասի․ եթե ամբողջ գյուղը չվճարի, ամբողջ գյուղի ունեցվածքը ԴԱՀԿ-ը գա տանի՞։ Դա արդեն մեկ այլ դժվարություն կլինի», - հավելեց Հակոբյանը։

Իսկ Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վահրադյանը գտնում է, որ այս նախաձեռնությունը սխալ է եւ լարված իրավիճակ կստեղծի գյուղական համայնքներում։

«Համայնքի ղեկավարը համայնքի կողմից ընտրվում է ազգաբնակչության շահերը պաշտպանելու համար։ Այդ խեղճ գյուղացիները իրենց գումարներից մասնահանում են որպես հարկ, վճարում են համայնքին, որպեսզի համայնքի ղեկավարը աշխատավարձ ստանա եւ պաշտպանի շահերը։ Պետությունը, խառնվելով համայնքի գործունեությանը, այնպիսի լիազորություն է տալիս, որ քեզ սնողին մի բան էլ դու ճնշե՞ս։ Մեծ լարվածություն կառաջանա։ Դեմ եմ նման օրենքին», - նշեց Վահրադյանը։

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG