Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Էեմոն Գիլմորի հետ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ-ի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը, նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:

Սահակյանը վերահաստատել է Ղարաբաղի հավատարմությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարեւոր խոչընդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ եւ հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի:

Բակո Սահակյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի Ղարաբաղ այցելելու եւ տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա էին Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG