Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է վիետնամցի գործընկերոջ հետ


Պաշտոնական այցով Վիետնամ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր առավոտյան նախ այցելել է Զոհված հերոսների հուշարձան եւ Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել:

Վիետնամի նախագահի նստավայրում այնուհետեւ տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ - վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ստորագրվել են երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագրեր դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին, տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին, Հայաստանի եւ Վիետնամի արտգործնախարարությունների միջեւ միջեւ համագործակցության մասին արձանագրություն:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւ Չիոնգ Տան Շանգն ընդգծել են, որ Վիետնամը եւ Հայաստանն ավանդական սերտ բարեկամական կապեր եւ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսություն ունեն, հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, սակայն տնտեսական հարաբերությունների մակարդակը դեռեւս չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին եւ առկա ներուժին: Նրանք տնտեսական գործակցության զարգացման համար կարեւորել են իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծումը եւ այսօր ստորագրված փաստաթղթերը այդ ուղղությամբ արված առաջին քայլն են համարել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովներ ձեւավորելու մասին:

Հեռանկարային է համարվել առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, անվտանգության, պաշտպանության, կրթության, կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների միջեւ գործակցության, զբոսաշրջության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:

Սերժ Սարգսյանը եւ Չիոնգ Տան Շանգը հանդիպման ավարտին ընդգծել են, որ Հայաստանը եւ Վիետնամն ունեն հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու քաղաքական կամք, ինչը երկու երկրների ժողովուրդների բարեկամության հետ միասին լավ հիմք է` ընդլայնելու եւ խորացնելու Հայաստանի եւ Վիետնամի միջեւ կապերը: Այդ նպատակով, նախագահները կարեւորել են նաեւ երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:

Վիետնամի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` իր երկրի համար դժվարին ժամանակներում՝ դեռեւս խորհրդային տարիներին, Վիետնամին ցուցաբերած օգնության, ինչպես նաեւ հայաստանյան բուհերում վիետնամցի բազմաթիվ ուսանողների համար պատշաճ կրթության ապահովման համար:

Սերժ Սարգսյանը Հանոյում այսօր հանդիպում է ունեցել նաեւ հայաստանյան բուհերի վիետնամցի շրջանավարտների հետ, ովքեր մայրաքաղաք էին ժամանել երկրի տարբեր բնակավայրերից:

Վիետնամցի շրջանավարտները նշել են, որ երկրում հայաստանյան բուհերի հազարից ավելի շրջանավարտներ կան, ովքեր մինչեւ այժմ հետաքրքվում են Հայաստանով, հետեւում նրա զարգացումներին: Նրանք պատմել են Երեւանի մասին իրենց տպավորությունները, հիշել այստեղ անցկացրած ուսանողական տարիները եւ ցանկություն հայտնել կրկին այցելել Հայաստան:

Հայաստանի նախագահը նրանց բոլորին հրավիրել է Երևան, ներկայացրել, թե ինչպիսին է ժամանակակից Հայաստանը, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը Հանոյում այցելել է նաեւ Գրականության տաճար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG