Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ավարտեց այցը Ճապոնիա եւ մեկնեց Վիետնամ


Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նա հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:

Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը կարեւորել են Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված Հայաստանի դեսպանությունը եւս ակտիվ աշխատանք է սկսել:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ նրան հանձնելով ոսկե մեդալը եւ բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը:

Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նման պատվի արժանացնելու համար:

Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա - Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:

Ավարտելով այցը Ճապոնիա՝ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG