Մատչելիության հղումներ

Հունիսի 8-ի մամուլ


«Երկիր»-ի խմբագիրը գրում է. - «Այս օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում հողին են հանձնում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված մեր զինվորներին: Պետությունը, սակայն, ի դեմս մեծ ու փոքր չինովնիկների, կրկին դրանց մասնակիցը չէ: Համենայն դեպս, անցած օրերին նման տեղեկատվություն այդպես էլ չհրապարակվեց: Մինչդեռ դա միայն կորուստ ունեցող ընտանիքներին զուտ բարոյական աջակցության խնդիր չէ: Իր զոհված որդու համար մղկտացող հոր կամ մոր համար միեւնույն է` ինչ ռանգի չինովնիկ է կանգնած իր կողքին, կամ կանգնա՞ծ է, թե՞ ոչ: Դա պետք է մեզ` հասարակությանը` գոնե հիմա վերջապես զգալու պետության եւ իշխանության հետ մեր ներդաշնակությունն ու միասնականությունը, պետության պատասխանատվությունն իր յուրաքանչյուր զինվորի եւ առաջին հերթին` սահմանին խրամատներում հերթապահող ու ամեն վայրկյան թշնամու գնդակից խոցվելու վտանգի տակ գտնվող զինվորի առջեւ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Այդ մեկնաբանությունների մի մասը չափից դուրս լավատեսական էին՝ կջարդենք, կփշրենք, կհասնենք Բաքու եւ այլն: Դրանք դատարկ ձեւակերպումներ են նախընտրական կարգախոսների նման՝ հաղթելու ենք, սարեր ենք շարժելու, հավատալու ենք, փոխելու ենք եւ այլն: Չգիտեմ՝ արդյոք նման մոտեցումը ոգեւորի՞չ է մեր քաղաքացիների համար: Անձամբ ես հակված եմ ցանկացած իրադարձություն ընդունել քննադատաբար, տեսնել բոլոր՝ դրական եւ բացասական կողմերը: Մասնավորապես, այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի հակառակորդը հնարավորություն ունենա մոտենալու մեր դիրքերին եւ դիվերսիոն գործողություններ կատարելու: Այո, հակառակորդին այդ գործողությունների համար պետք է պատժել, ինչը եւ արվում է: Բայց պետք է, ինձ թվում է, պատժել նաեւ այն հրամանատարներին, որոնք առաջին գծում կորցրել են իրենց զգոնությունը, ինչը եւ մարդկային զոհերի պատճառ դարձավ»:

«Հրապարակ»-ի խմբագիրը նույնպես անդրադարձել է նույն խնդրին. - «Հավանաբար բոլոր փոքր ժողովուրդներին է բնորոշ այն սնափառությունն ու պսեւդոհայրենասիրությունը, որն այս օրերին ամենուր աչք է ծակում: Ամենուրեք հերոսացող, ավելի շուտ՝ աքլորացող մարդիկ, ովքեր, սահմանից եկող լուրերը լսելով, «քաջ նազար» են կտրում՝ գնանք թուրքին կոտորենք, Բաքուն դարձնենք արյան ծով, մեր պատմական սահմանները վերականգնենք եւ այլն: Անշուշտ, երբ մեր հայրենիքին վտանգ սպառնա, եւ գա անայլընտրանք ընտրության պահը, կհայտնվեն այն հայրենասեր «մահապարտները», որոնք իրենց կյանքի գնով կպաշտպանեն Հայաստանն ու Արցախը: Բայց ես վստահ եմ, որ դրանք այն մարդիկ են, ովքեր այս օրերին չեն պոռոտախոսում ու տաքուկ Երեւանից թշնամու դեմ սրեր չեն ճոճում»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Հայրենի կուսակցությունների պարադոքսն է. մարդիկ, որոնք ստույգ գիտեն, թե ինչպես կազմակերպել կառավարության աշխատանքը, չեն կարողանում կազմակերպել սեփական կուսակցությունների բնականոն գործունեությունը։ Օրինակ, ներկայումս կուսակցություններում, լինեն իշխանական թե ընդդիմադիր, իրականում բացակայում է «երկրորդ դեմքերի» ինստիտուտը կամ էլ նրանց գործառույթներն ու դերակատարությունը հայտնի չեն։ Կան միայն գերագույն տիրակալներ։ Դժվար թե որեւէ մեկը կարող է ասել, թե ով է «կուսվարչապետը», ասենք, «Բարգավաճ Հայաստանում», «Ժառանգությունում», ՀՀՇ-ում, ՕԵԿ-ում, իսկ եթե անգամ այդպիսիք կան, ապա ո՞ւմ են ընդհանրապես հարկավոր»:

«Իրավունք»-ը զրուցել է չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, դեռեւս «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ Վարդան Բոստանջյանի հետ, որը սակայն ընդգրկված չէ հինգերորդ գումարման ԱԺ-ում: Հարց. - «Այս պահի դրությամբ ինչպիսի՞ն են կապերը ԲՀԿ-ի հետ, մասնակցում եք նիստերին, քննարկումներին»: «Չեմ կարող անկեղծ չլինել եւ ասել, որ այն պահից, երբ ցուցակում հայտնված չեմ եղել, չեմ մասնակցում որեւէ բանի: Բացի այդ, մտածում եմ, որ ես այդ կապերի կարիքը չունեմ, իսկ եթե ուրիշները ունեն դրա կարիքը, թող կապ ունենան: Ինչ-որ նաեւ բնական է, որ չի կարող իմ կողմից նման կապերը շարունակվել», - պատասխանում է Բոստանջյանը: Հարց. - «Գաղտնիք չէ, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն իրեն կոչում է ալտերնատիվ: Կարո՞ղ եք ասել ի՞նչ է նշանակում դա»: «Անկեղծ ասած, չեմ հասկանում` ինչ է նշանակում ալտերնատիվ, գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, որ նման բան չի լինում: Բոլոր դեպքերում, այն ժամանակահատվածը, երբ ես գտնվել եմ ԲՀԿ-ում` իր դեմս մեր նախագահ Գագիկ Ծառուկյանի, նկատել եմ եւ չեմ կարող ուրանալ, որ եղել է մտահոգություն եւ ցանկություն, դրան զուգահեռ աշխատանք, որքան հնարավոր է, որպեսզի մեր հասարակությունը արժանանա ավելի բարձր դիրքերի եւ ապրի արժանավայել կյանքով»:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG