Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը գնահատում են ԱՄՆ պետքարտուղարի այցը


Armenia - President Serzh Sarkisian (R) meets with U.S. Secretary of State Hillary Clinton in Yerevan, 04Jun2012.
Armenia - President Serzh Sarkisian (R) meets with U.S. Secretary of State Hillary Clinton in Yerevan, 04Jun2012.
Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը շատ կարեւոր է համարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դրական գնահատականը խորհրդարանական ընտրությունների հետ կապված։

Ազգային ժողովի փոխնախագահի փոխանցմամբ, Քլինթոնի այդ գնահատականը շատ ոգեւորիչ է։

«Որովհետեւ եթե նախկինում պետքարտուղարությունը ավելի քննադատական գնահատականներ էր տալիս, ապա այսօր արդեն այնպիսի երկրի պետքարտուղարը, ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ բարձր է գնահատում Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները եւ իմ երկրի նախագահին ներկայացնում որպես հիանալի առաջնորդ», - պարզաբանեց Էդուարդ Շարմազանովը։ - «Սա մեզ համար շատ կարեւոր է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ընտրության որակը ավելի բարձրանա»։

Էդուարդ Շարմազանովը նաեւ կարեւորեց Հիլարի Քլինթոնի դրական գնահատականը Հայաստանի իշխանությունների հասցեին հայ-թուրքական հաշտեցման գործում կատարած ջանքերի համար։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության միջազգային հարցերով պատասխանատու Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, սակայն, Վաշինգտոնը որոշակի ակնկալիքներ ունի Հայաստանից՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Սաֆարյանի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի երեկվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունները տեսանելի են դարձնում, թե որն է Վաշինգտոնի ակնկալիքը։

«Հիլարի Քլինթոնը ակնարկում է, որ պաշտոնական Երեւանը իրենից կախվածն արել է, բայց նաեւ խնդրում է, կամ ակնկալում է ետքայլ չանել», - մեկնաբանեց Սաֆարյանը։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ փորձ կարվի խնդիրը ակտիվացնել, իսկ թե ինչի դա կբերի՝ դժվար է ասել։

Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաեւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից Հայաստանի խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականներին։ Հիշեցնենք՝ Քլինթոնը մայիսի 6-ին կայացած ընտրությունները որակեց մրցակցային եւ բաց։ Ստեփան Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղարը բարձրաձայնեց նաեւ այն խնդիրների մասին, որոնք տեղ գտան ընտրությունների ժամանակ։

«Նա հիշեցնում է, որ ինքը Հայաստանում հանդիպել է իրավապաշտպան կազմակերպությունների հետ եւ քննարկել է թե՛ մարդու իրավունքների վիճակը, թե՛ նաեւ ընտրությունների հետ կապված հարցեր։ Այսինքն, Հիլարի Քլինթոնը ակնարկում է, որ տեղյակ է այն բոլոր դժգոհություններից, որոնք կան այս ընտրությունների հետ կապված», - նշեց Սաֆարյանը։

«Ժառանգության» ներկայացուցիչը բավական հետաքրքրական է համարում Սերժ Սարգսյանին ուղղված՝ Հիլարի Քլինթոնի ջերմ խոսքերը։ Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնն ասել է․ - «Ես եւ նախագահ Օբաման բարձր ենք գնահատում Ձեզ հետ ունեցած մեր շփումները: Եվ ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով, ակնկալում ենք շարունակել երկխոսությունը: Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել եւ աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ»։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը՝ Ստեփան Սաֆարյանը նկատում է․ - «Գրեթե հասկացվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ընդունել նրա առաջնորդության շարունակականությունը։ Սա գործարքի է նմանվում, որտեղ առաջարկվում է երկուստեք ձեռնտու համագործակցություն՝ նաեւ այդ ընթացքում բավարարելով վարչախմբի վերարտադրության ակնկալիքները եւ նպատակները այնպիսի ընտրություններով, ինչպիսին որ տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների պարագայում»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը վերապահումով է մոտենում պաշտոնական հաղորդագրությանը եւ չի հավատում, թե Քլինթոնը դրվատանքի խոսքեր է շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին։

«Առաջին անգամ չէ, երբ այն հաղորդագրությունները, որ տարածվում են Բաղրամյան 26-ից, չեն համապատասխանում իրականությանը եւ ես ունեմ հիմքեր չհավատալու, որ նման խոսքեր ասվել են», - նշեց Վլադիմիր Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Քլինթոնի կողմից խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականներին, ապա Վլադիմիր Կարապետյանի փոխանցմամբ, նա այլ բան չի ասել, քան հնչեցրել են միջազգային դիտորդները։

«Նրանք իսկապես նշել էին մրցակցային ընտրությունների մասին։ Միեւնույն ժամանակ, հատկապես ԵԽԽՎ դիտորդները մատնանշել էին բազմաթիվ խախտումներ, ինչի մասին ակնարկեց նաեւ պետքարտուղարը իր խոսքում եւ մատնացույց արեց, որ այդ խախտումները պետք է վերացվեն առաջիկա ընտրություններից առաջ», - պարզաբանեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը իր սեփական տեսակետն է հայտնել, երբ Հայաստանում մայիսի 6-ին կայացած ընտրությունները որակել է մրցակցային եւ բաց։

«Ինքն ասել է իր անձնական տեսակետը։ Միացյալ Նահանգներն իր պաշտոնական արձագանքը ներկայացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում, որը մյուս երկրների գնահատականների համեմատությամբ ամենաանաչառն է եղել։ Կարծում եմ՝ պետդեպարտամենտի զեկույցն այս անգամ նույնպես կլինի ամենաանաչառը», - ասաց Արամ Սարգսյանը։

Նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ, անդրադառնալով նույն խնդրին, ասաց, թե իրեն շատ քիչ է հետաքրքրում, թե ով ինչ գնահատական է տալիս հայաստանյան ընտրություններին։ Իրեն հետաքրքրում է, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է մտածում այդ ընտրությունների մասին։

«Մշտապես բոլոր դիտորդները, կառույցները հայտարարել են մեկ բան՝ սա ձեր ընտրությունն է, դուք պետք է ապրեք այս արդյունքների հետ։ Կամ ընդունեք, կամ մի ընդունեք, ինչպես մյուս երկրներում։ Դրա համար ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե ով ինչ գնահատական է տալիս։ Ինձ հետաքրքրում է մենք ինչ գնահատական ենք տալիս։ Մենք լեգիտի՞մ ենք համարում, մեր հասարակությունը ընդունո՞ւմ է սա։ Ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Չի՞ ընդունում, ուրեմն պրոբլեմ ունենք։ Իսկ եթե մենք չենք ընդունում՝ բոլորը ասում են, որ շատ լավ է, դրանից մեր իրավիճակը չի փոխվում», - մասնավորապես ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

please wait

No media source currently available

0:00 0:06:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG