Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. Հայաստանը շատ պայծառ ապագա ունի


Հիլարի Քլինթոնը մրցանակաբաշխության ժամանակ, 04 հունիսի, 2012
Հիլարի Քլինթոնը մրցանակաբաշխության ժամանակ, 04 հունիսի, 2012
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով այսօր ժամանել է Երեւան, ԱՄՆ-ի դեսպանատանը հանդիպում է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ ներկա գտնվել նրանցից ոմանց մրցանակների հանձնման արարողությանը:

Միջոցառումը բացել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`իրավապաշտպան Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: Մրցանակներ են ստացել նաեւ մի խումբ բնապահպան ակտիվիստներ,
փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը եւ Epress.am կայքի խմբագրակազմը:

Մրցանակների հանձնման արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ պետքարտուղար Քլինթոնը, ով իր խոսքում, մասնավորապես, կարեւորեց հաշվետու կառավարության եւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը կայուն հասարակության կայացման գործում:

«Այն կանայք եւ տղամարդիկ, որոնց մենք այսօր մրցանակներ ենք շնորհում, ջանքեր են գործադրել եւ զոհողությունների գնացել, որպեսզի իրականություն դարձնեն մարդու իրավունքները Հայաստանում: Նրանց պատմությունը ցույց է տալիս, որ մեծ խնդիրների լուծումը կարող է սկսվել մեկ կամ մի քանի անհատների քայլերից. փոփոխությունները սկսվում են, երբ մի քանի խիզախ ակտիվիստներ ջանասիրաբար պայքարում են բնության պահպանության համար, երբ լրագրողները բարձրացնում են հասարակության իրազեկությունը մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ եւ այն պաշտոնյայից, որը ջանքեր է գործադրում, որպեսզի ոստիկանությունում բարեփոխումներ կատարվեն», - ասել է Քլինթոնը:

«Միացյալ Նահանգները համոզված է, որ հաշվետու կառավարություններն ու առաջնորդները հաջողակ հասարակությունների ամենակարեւոր տարրերից մեկն են: Այնպես որ մեծարելով այս մարդկանց մարդու իրավունքները պաշտպանելու համար` մենք նաեւ ճանաչում ենք նրանց որպես առավել ուժեղ Հայաստանի կառուցմանը հավատարիմ առաջատամարտիկներ: Միացյալ Նահանգները կշարունակի մնալ նրանց կողքին, ովքեր պաշտպանում են մարդկանց իրավունքները եւ ժողովրդավարությունը: Միացյալ Նահանգները եւ ես անձնապես խորապես հավատում ենք, որ Հայաստանը կարող է շատ պայծառ ապագա ունենալ` լի հնարավորություններով իր ողջ ժողովրդի համար», - ամփոփեց ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG