Մատչելիության հղումներ

Վաղը Վեներան կանցնի Արեգակի սկավառակի վրայով


Հունիսի 5-ին եւ 6-ին տեղի կունենա շատ հազվադեպ աստղագիտական երեւույթ՝ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով։ Այդ մասին հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերությունը` ընդգծելով, որ բնության այդ զարմանահրաշ երեւույթը հաջորդ անգամ կդիտվի արդեն 22-րդ դարում՝ 2117 թվականին:

Հաղորդագրության համաձայն` երկրային դիտորդի համար մի քանի ժամվա ընթացքում Վեներայի մուգ սկավառակը կտեղաշարժվի Արեգակի սկավառակի վրայով: Անցումը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) հունիսի 5-ին ժամը 22:09 եւ կավարտվի հունիսի 6-ին ժամը 04:49 (UTC):

Անցումն ամբողջությամբ տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարեւմտյան հատվածում, հյուսիսարեւմտյան Ասիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Արեւմտյան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սկանդինավիայի հյուսիսային մասերում, Իսլանդիայում, Գրենլանդիայում:

Հայաստանում Վեներայի անցումը կդիտվի հունիսի 6-ին՝ արեւածագից` Երեւանի ժամանակով ժամը 05:32, մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 08:54:

Քանի որ Վեներան Արեգակնային համակարգի ներքին մոլորակ է` դրա ուղեծիրը գտնվում է Երկրի եւ Արեգակի միջեւ, Երկրից հնարավոր է դիտել դրա անցումը Արեգակի սկավառակի վրայով. հսկա լուսատուի սկավառակի վրա մոլորակը կերեւա որպես փոքրիկ սեւ կետ: Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով տեղի է ունենում, երբ իր ուղեծրով շարժվելիս այն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG