Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Կոալիցիա չկազմելու որոշման հրապարակումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անխտիր բոլոր անդամներն անվերջ կրկնում էին, թե իրենք նոր ԱԺ-ում լինելու են այլընտրանք Հանրապետական կուսակցությանը, թե ի դեմս ԲՀԿ-ի` մենք տեսնելու ենք իշխող մեծամասնության ազդեցիկ հակակշիռ եւ այլն: Սակայն երեկվա անդրանիկ նիստում ԲՀԿ-ի պահվածքն ամենեւին էլ «այլընտրանքային» չէր: ՀՀԿ-ի կողմից Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանն ընտրվեց նաեւ իրեն ՀՀԿ-ի հակակշիռ հռչակած ԲՀԿ-ականների քվեներով: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի երեկվա նիստին չէին մասնակցում «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը, իսկ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը: Եվ ստացվում է, որ 102 քվե ստացած Հովիկ Աբրահամյանի օգտին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի` ընդհանուր հաշվով 75 պատգամավորներից զատ քվեարկել են նաեւ ԲՀԿ-ական «խիստ կառուցողական» պատգամավորները: Եթե ԲՀԿ-ն իրապես որոշել է առաջիկա քաղաքական զարգացումներում ներկայացնել ՀՀԿ-ին հակակշռող բեւեռի լուրջ քաղաքական հայտ, ապա, ըստ առողջ քաղաքագիտական տրամաբանության, պետք է ոչ միայն չքվեարկեր հօգուտ մրցակից ուժի առաջադրած թեկնածուի, այլեւ հանդես գար Ազգային ժողովի նախագահի սեփական թեկնածուով»:

«Իրավունք»-ին տված հարցազրույցում Հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասում է. - «Բազմակարծության տեսանկյունից այս խորհրդարանը իհարկե որակապես տարբերվելու է նախորդ բոլոր խորհրդարաններից»: Հարց. - «ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելը, կարծես թե, շատերի համար անսպասելի էր, եւ հիմա նրանք իրենց կառուցողական ընդդիմություն են համարում, այլընտրանքային… Ո՞ւմ են այլընտրանք»: Պատասխան. - «Դժվար է ասել, թե ինչպես կընթանան աշխատանքները ԲՀԿ-ի հետ, բայց մի բան պարզ է, որ, ասելով, թե նրանք կառուցողական են, դա հետաքրքիր մոտեցում է: Իսկ թե դա ընդհանրապես ինչ ազդեցություն է թողնելու, ապա կասեմ հետեւյալը` մեծամասնությունը շատ ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում իր ուսերին այս առումով, շատ ավելի լարված է աշխատելու, ու դա լավ է»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Եթե իշխանության մեջ չեն կատարվում վերադասավորումներ, եթե չեն կատարվում կադրային այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են մեսիջ լինել հասարակությանը` փոփոխությունների, բարեփոխումների վերաբերյալ իշխանական կամքի արտահայտման, ապա Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությանը մոտենում է այնպիսի վիճակում, երբ, ըստ էության, զայրացուցիչ եւ վրդովեցուցիչ կլինի հասարակության համար: Իսկ դա նշանակում է, որ նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի բարելավելու այն հասարակական վարկանիշային միջավայրը, որում անցկացրեց խորհրդարանի ընտրությունը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Սարգսյանը, ցանկալի արդյունք ստանալու համար ստիպված է լինելու դիմել կեղծիքների նույն ծավալին` ընտրակաշառք, ցուցակների աճպարարություն»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով եւ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստով ավարտվում է Հայաստանում ծավալվող 2012-2013 թվականների քաղաքական պայքարի առաջին հանգրվանը եւ սկսվում է երկրորդը։ Ակնհայտ է, որ սրանից հետո սպասվող նոր, արդեն նախագահական ընտրապայքարի հիմնական առանձնահատկությունը լինելու է շատ թե քիչ ազդեցիկ գրեթե բոլոր ուժերին ներկայացնող քաղաքական դեմքերի զգալի մասի տեղափոխումը խորհրդարանի պատերից ներս։ Դրա հետեւանքով առաջիկայում որքան էլ արդեն խորհրդարանական դարձած ընդդիմությունը փորձի հանդես գալ արմատական դիրքերից, ակնհայտ է, որ դա նրան դժվար թե հաջողվի։ Հատկանշական է, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո առաջին անգամ հետընտրական բողոքի ալիք չբարձրացավ։ Սահմանադրական դատարանի երեկ հրապարակած վերջնական որոշումից հետո Կոնգրեսը ոչ միայն չի հրաժարվում պատգամավորական մանդատներից, այլեւ պատրաստվում է մասնակցել անգամ նախորդ տարիներին բոյկոտվող Երեւանի ավագանու նիստերին»։

«Առավոտ»-ը զրուցել է պատգամավոր Հրանտ Բագրատյանի (ՀԱԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀԱԿ-ը որոշեց չմասնակցել խորհրդարանի առաջին նիստին. զուտ քաղաքական իմաստով դա ի՞նչ է տալիս»: Պատասխան. - «Նախ՝ մենք չէինք կարող առաջին նիստին ներկա լինել, որովհետեւ ՍԴ-ն քննարկում էր մեր հայցը: Ապա՝ կադրային քվեարկություններում մենք որեւէ դեր չունեինք: Սա չի նշանակում, որ մյուս քվեարկություններում դեր ունենք, բայց այնտեղ քննարկում կա, խոսք ասելու հնարավորություն կա: Նախորդ օրը երեկոյան, ես լսում եմ՝ ՀՀԿ-ական մի «խոշոր» դեմք հայտարարում է, որ բանաձեւը, որով որոշվում է խորհրդարանական հանձնաժողովների թիվը, շատ պրոգրեսիվ է: ՀՀԿ-ն այնպիսի մեծամասնություն ունի, որ կարող էր ոչ մեկին ոչ մի տեղ չտալ: Պիտի լինի, չէ՞, մեկը, ով կասի՝ ո՞ւմ եք հիմարի տեղ դնում: Եթե ՀՀԿ-ն ունի մանդատների 54 տոկոսը՝ 131-ի մեջ, այդ բանաձեւով ստանում է հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների 59 տոկոսը: Մարդիկ նստում են հեռուստաալիքների առաջ եւ ֆռռացնում բնակչությանը: Դրա համար էլ բանավեճի չեն գալիս, որովհետեւ լուրջ, մասնագիտական հակադարձումներ կստանան»:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG