Մատչելիության հղումներ

Կողմերը ՍԴ-ում հանդես եկան եզրափակիչ ելույթներով


Սահմանադրական դատարանը այսօր անցավ խորհրդակցական սենյակ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատաքննությունն ավարտվեց կողմերի եզրափակիչ ելույթներով, որի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը միջնորդեց ՀԱԿ-ի դիմումը ամբողջությամբ մերժել՝ չփաստարկված լինելու հիմնավորմամբ: Իսկ ՍԴ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն էլ խնդրեց բավարարել այն՝ ԿԸՀ-ին մեղադրելով իրենց փաստարկներին եւ հարցադրումներին խուսափողական պատասխաններ տալու մեջ:

Վահե Գրիգորյանն իր վերջնական խոսքում էլ հայտարարեց, որ ընտրությունների գլխավոր օրինախախտումներից մեկը, որը հանգեցրել է անհավասար մրցակցության եւ ընտրողի ազատ ընտրության իրավունքի սահմանափակման, քարոզարշավին նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ համամասնական ցուցակի 90 պաշտոնյաների ակտիվ մասնակցությունն ու հօգուտ ՀՀԿ-ի քարոզչությունն էր՝ պաշտոնեական լիազորությունների իրականացմանը զուգահեռ (Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը պաշտոնատար անձին արգելում է պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս թեկնածուին, կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված կոչերը): Ըստ փաստաբանի՝ ԿԸՀ-ն չի վերահսկել իրավիճակը:

«Այս հարցին տրվում էր խուսափողական պատասխան, մասնավորապես, որ «այն ժամանակ, երբ նա քարոզում է, լիազորությունների իրականացման մեջ չի գտնվում», առանց որեւէ փաստարկման եւ առանց ապացույցների: Այնինչ բավարար էր ընդամենը նայել ՀՀ նախագահի աշխատանքային այցերի եւ քարոզչական այցերի ամբողջական համընկնումը, իբր իրեն ուղեկցող աշխատանքային պատվիրակության անդամներ՝ նույն օրը, երբեմն նույն ժամին, նույն հանդիպմանը արդեն որպես նախընտրական քարոզչության մասնակիցներ ներկա գտնվելը եւ մասնակցելը: Եթե այդ աշխատանքային այցերի միջոցով նախընտրական քարոզչություն չէր իրականացվում, ապա ինչպես բացատրել այն հանգամանքը, որ այդ աշխատանքային այցերի ինտենսիվությունը կտրուկ նվազեց հենց նախընտրական քարոզչության ավարտի օրվանից», - ասաց Գրիգորյանը:

Որպես ընտրողների ազատ կամքի վրա Հայաստանի նախագահի եւ մյուս պաշտոնատար անձանց ներգործության եւ «պաշտոնական դիրքը ՀՀԿ-ին եւ ՀՀԿ թեկնածուների ընտրությանը ծառայեցնելու» ապացույց՝ Գրիգորյանը վկայակոչեց նաեւ արտերկրում աշխատող դիվանագետների էլեկտրոնային քվեարկության արդյունքները, երբ նրանց 90 տոկոսից ավելին քվեարկել է ՀՀԿ-ի օգտին:

«Եթե նման արդյունք գրանցվում է դիվանագետների շրջանում, ապա այս պայմաններում պատկերացրեք, թե զորքը գլխավոր հրամանատարի կոչերին ինչպես պետք է արձագանքեր», - հայտարարեց փաստաբանը՝ ՍԴ-ին կոչ անելով ուշադրություն դարձնել ինչպես այս, այնպես էլ 10-14 վայրկյանում քվեարկության, քվեարկության առաջին ժամերին անձնագրերի դրոշմակնիքների թանաքի անհետացման եւ այլ փաստերին:

«Եթե մի ողջ հանրապետության ընտրական համակարգ չի կարողացել այդ թանաքանյութն օգտագործելիս տեղյակ լինել ընդամենը այդ սրվակը թափահարելու պարտադիր տեխնիկական պայմանին, ապա պետք է նկատել, թե ինչ աստիճանի մեծ պետք է լիներ այդ նյութի արագ անհետացման անհրաժեշտությունը», - շեշտեց Վահե Գրիգորյանը, ով թանաքի արագ անհետացումը կրկնաքվեարկություննեիրի լայն հնարավորություն է համարում:

Անդրադառնալով 14 վայրկյանում քվեարկության արձանագրված փաստերին՝ փաստաբանն ասաց. - «Պատասխանողը որեւէ հակափաստարկ չներկայացրեց այս ակնհայտ իրողության դեմ, որ հնարավոր չէ 3 ժամ շարունակ սպասարկել հարյուրավոր ընտրողների՝ մեր ասելով 10, պատասխանողի ասելով 20 վայրկյանում: Դա անհավանական իրավիճակ է. 3 ժամ շարունակ մարդիկ քվեարկել են 20 վայրկյան ինտերվալով, եւ որեւէ մեկն օգնության կարիք չի ունեցել»:

ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանն էլ հակադարձեց, որ եղել են նման 10-15 տեղամասեր, որտեղ արագ քվեարկություններ են կազմակերպվել զինծառայողների շրջանում:

«Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ գտնվել տեղամասում այն ժամին, երբ զինվորները գալիս են տեղամաս: Նրանք գալիս են շատ կազմակերպված, արագ գրանցվում են, ցուցակներում նրանց անունները գտնելու խնդիր չկա, քվեարկում են մեկ ընտրակարգով, առկա է երեք քվեախցիկ, առկա չեն հիմնական ընտրողներին վերաբերող խոչընդոտները»,- հայտարարեց նա:

Սմբատյանը թանաքի անհետացման մասին էլ հակադարձեց. - «Դիմող կողմից ոչ մի ապացույց, թեկուզ թռուցիկ գեթ մեկ դեպք ներկայացված չէ կրկնակի քվեարկության մասին: Թանաքների խնդիրն օգտագործվել է բացառապես քաղաքական նպատակներով՝ ներկայացնելով վառ երեւակայությունից բխող ամենատարբեր ենթադրություններ եւ կամայական եզրահանգումներ»:

«Հետաքրքիր է դիմող կողմի տրամաբանությունը քարոզչությանը պետական պաշտոնյաների մասնակցության մասին», - հավելեց ԿԸՀ-ի քարտուղարը. - «Դիմողի տրամաբանությունից կարծես բխում է, որ քարոզչությանը մասնակցելու մենաշնորհը պետք է տրվի բացառապես իշխանության որեւէ լծակ չունեցող քաղաքական ուժերին կամ գործիչներին»:

Սմբատյանը ՀԱԿ-ի դիմումում եւ դատարանում ներկայացված բոլոր դատողությունները որակեց «իրավական արժեք չներկայացնող»:

«Ներկայացված դիմումը, դատավարության ընթացքում լրացումները, բացատրությունները, հարցերին տրված պատասխանները չեն պարունակում ապացույցներ, որոնցով հնարավոր կլինի անվավեր ճանաչել ընտրության արդյունքները: Ավելին, բերված նյութերով հնարավոր չէ անգամ անվավեր ճանաչել գեթ մեկ տեղամասի ընտրության արդյունքներ», - հայտարարեց ԿԸՀ քարտուղարը:

Վահե Գրիգորյանը նիստի ավարտին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զարմանալի չհամարեց ԿԸՀ-ի պնդումներն ու, իր բնորոշմամբ, «ոչ անկախ» դիրքորոշումը՝ հիշեցնելով, որ ԿԸՀ նախագահը Հայաստանի նախագահի կողմից նշանակվող անձ է:

«ՀՀ նախագահն ունի հնարավորություն առանց որեւէ բացատրության իր չնախընտրած թեկնածուին չնշանակել այդ պաշտոնում, այսինքն նա միշտ նշանակում է իր նախընտրած թեկնածուին: Բացի այդ, ՀՀ նախագահն ունի նաեւ իշխանական լիազորություններ ԿԸՀ-ի պաշտոնավարման ընթացքում: Ընտրական օրենսգրքով դրա լիազորությունների դադարեցման հարցում նախագահն ունի ընդարձակ հնարավորություններ, եւ միայն նախագահն ունի այդ լիազորությունները», - ընդգծեց փաստաբանը:

ՍԴ-ն իր որոշումը կհրապարակի վաղը:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG