Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի սենատոր. Կներկայացվի նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի


Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին այսօր ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նախագահը ողջունել եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի սենատորների այցը Արցախ: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման կարեւորագույն նախապայմաններից է միջազգային հանրության անաչառ եւ համակողմանի տեղեկացվածությունը հիմնախնդրին», - ասված է նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, ընդգծել է, որ խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցելությունները նպաստում են միջազգային հանրության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ եւ անվտանգ ապրելու:

Սենատորներն իրենց հերթին նշել են, որ այժմ մանրամասնորեն տիրապետում են ԼՂ հակամարտության պատմությանը եւ հետեւելով կարգավորման բանակցային գործընթացին, ողջունում են Հայաստանի կառուցողական մոտեցումը:

Ֆրանսիացի սենատորներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողին, հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ եւ նախկին նախագահ Սարկոզիի, եւ նորընտիր նախագահ Օլանդի կողմնակիցները, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մեջ ամրագրված նախկին օրինագծի վերաբերյալ առարկությունները, երբ ձեւավորվի Ֆրանսիայի նոր խորհրդարանը՝ կներկայացնեն նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի։ Հիմնական նպատակն է օրենսդրորեն պատժել այն մարդկանց, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեն Հայոց ցեղասպանությունը», - դատապարտելով Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին` նշել է սենատոր Ֆիլիպ Մարինին:

Այս մասին տեղեկանցում է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG