Մատչելիության հղումներ

1756 անօթեւան ընտանիքներ մինչեւ սեպտեմբեր բնակարան կստանան


Գյումրիում 1756 անօթեւան ընտանիք մինչեւ սեպտեմբեր բնակարանամուտ կտոնի. այսպես հավաստում են ոլորտի պատասխանատուները:

Դեռ անցած տարի դեկտեմբերին էր նախատեսվում շահագործել բնակարանների այս խմբաքանակը, սակայն հաշվի առնելով առաջին փուլում կառուցված շենքերում շահագործումից հետո ի հայտ եկած թերությունները, այս անգամ որոշվեց չշտապել եւ որակի հաշվին բնակարան չկառուցել: Հետո հայտարարվեց, թե բնակարանները կշահագործվեն մայիսին, սակայն այստեղ էլ ինչ-որ տեղ քաղաքականությունը խանգարեց: Բնակբաշխման գործընթացը տարբեր քաղաքական ուժերի կողմից չշահարկելու համար այն հետաձգվեց:

Մինչ բնակարանատեր դառնալը անօթեւան ընտանիքը ամիսներ, երբեմն տարիներ շարունակ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ է ներկայացնում բնակբաշխման հանձնաժողով: Դրանք ստուգում են մի քանի գերատեսչություններ, ու եթե ինչ-որ անհամապատասխանություն է հայտնաբերվում, ընտանիքը կարող է նույնիսկ զրկվել բնակարան ստանալուց: Եթե բնակարանի շահառու է ճանաչվում, ընտանիքը հետո վիճակահանության է մասնակցում, հավաստագիր ստանում եւ սպասում բնակարանի շահագործմանը:

Գյումրեցի 480 անօթեւան ընտանիք մասնակցեց հերթական վիճակահանությանը: Բնակարանատեր դարձած մարդկանցից ոմանք չէին կարողանում հավատալ, որ վերջապես տարիներ անց բնակարան են ստացել:

Եղան նաեւ դժգոհություններ հատկապես բազմանդամ ընտանիքների կողմից: Պետությունը փոխհատուցում է այնքան, որքան երկրաշարժի ժամանակ կորցրել է տվյալ ընտանիքը՝ հաշվի չառնելով, որ 24 տարվա ընթացքում մեկ ընտանիքը երկու, երեք եւ ավելի է դարձել: Իսկ եթե ընտանիքից որեւէ անդամ է պակասել, հաշվի չառնելով կորցրած սենյակների թիվը, անմիջապես պակաս է հատկացվում:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից հետաքրքվեցինք, թե ի վերջո ինչպե՞ս է լուծվելու բազմանդամ այն ընտանիքների խնդիրը, որոնց մի մասը տեղափոխվում է բնակարան, մի մասը շարունակում է մնալ եւ ապրել տնակում:

«Խոսքը վերաբերվում է բազմանդամ ընտանիքներին, որոնք զբաղեցնում են մեկից ավելի տնակ: Մեկը հատկացնելուց հետո կամփոփենք, կուսումնասիրենք, հետո ձեզ հստակ կպատասխանենք», - ասաց նախարարը:

Աղետի գոտին վերակառուցելու հերթական՝ չորրորդ ծրագիրը 2013 թվականին կավարտվի, որի արդյունքում 6200-ից ավելի ընտանիք բնակարան կստանա: Դրանից հետո Գյումրիում տնակներում մոտ երեք հազարից ավելի ընտանիք կշարունակի ապրել:

please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG