Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը սկսեց Հայ ազգային կոնգրեսի դիմումի քննությունը


Սահմանադրական դատարանը քննում է Հայ ազգային կոնգրեսի դիմումը, Երեւան, 25-ը մայիսի, 2012թ.
Սահմանադրական դատարանը քննում է Հայ ազգային կոնգրեսի դիմումը, Երեւան, 25-ը մայիսի, 2012թ.
Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը սկսեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի դիմումի քննությունը:

Երեք ժամից ավելի տեւած նիստի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանին ներկայացրեց իրենց հիմնավորումներն առ այն, որ այս ընտրությունների արդյունքը չի արտացոլում ընտրողների ազատ կամքը, ընտրական գործընթացն անցել է Սահմանադրության ու օրենսդրության զանգվածային խախտումներով, պետությունը չի ապահովել կրկնաքվեարկությունների բացառման պահանջը, կոպտորեն խախտվել է քաղաքական ուժերի միջեւ հավասար մրցակցության օրենսդրական պահանջը եւ փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ բացի Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)` մյուս քաղաքական ուժերը մրցել են պետության ու գործադիր իշխանության ռեսուրսների հետ:

Գրիգորյանը նախ վկայակոչեց նախընտրական քարոզարշավին նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ մասնակցությունն ու հօգուտ Հանրապետականի քարոզչությունը` նախագահական լիազորությունների իրականացմանը զուգընթաց, ինչը ակտիվորեն լուսաբանվել է պաշտոնական լրատվամիջոցներով։ «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պետական պաշտոնի հեղինակությունն ու դիրքն ապօրինաբար ծառայեցվել էր Հայաստանի հանարապետության կուսակցության ընտրության նպատակին, խախտելով Սահմանադրական դատարան դիմողի` նախընտրական քարոզչությանը հավասար մրցակցային պայմաններում մասնակցելու սահմանադրական իրավունքը», - ասաց նա։

Այս համատեքստում Վահե Գրիգորյանը վկայակոչեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությունը քարոզչությանը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Հանրապետականի ցուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 36 տոկոսը պաշտոններ են զբաղեցնում գործադիր իշխանությունում ու տեղական ինքնակառավարման մարմիններում. - «Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը ոչ այլ ինչ է, քան՝ կեսից ավել չափով Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ցուցակ: Այս պաշտոնատար անձինք մասնակցել են նախընտրական քարոզարշավին՝ զուգահեռաբար պաշտոնավարելով իրենց պետական եւ տեղական ինքնակառավարման պաշտոններում»:

«Գյուղապետերը, չնչին բացառություններով, գրեթե բոլոր ընտրատեղամասերում եղել են Հանրապետական կուսակցության վստահված անձինք», - հավելեց փաստաբանը` հայտարարելով, որ դա ե՛ւ Սահմանադրության 4-րդ հոդվածի, ե՛ւ Ընտրական օրենսգրքի 1-ին եւ 3-րդ հոդվածների խախտում է: Այդ հոդվածներով է սահմանված ընտրությունների` հավասար իրավունքի հիման վրա անցկացումը:

Նաեւ վկայակոչելով այն հանգամանքը, որ նոր Ընտրական օրենսգրքից հանված են նախկինում քարոզչությանը պետական պաշտոնյաների մասնակցությունը սահմանափակող դրույթները` Վահե Գրիգորյանը խնդրեց քննարկման առարկա դարձնել իշխող կուսակցության կողմից իրեն հարմար օրենսգիրք մշակելն ու ընդունելը. - «Դա հենց Հայաստանի հանրապետական կուսակցության նեղ կուսակցական շահերի համար հանված սահմանափակում է, որպեսզի հնարավոր լինի առանց օրենսդրական արգելքների նախընտրական քարոզչությանը ամբողջ ծավալով ներգրավված լինել: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ սահմանադրական հավասարության սկբունքը չի խախտվել»:

Խոսելով կրկնաքվեարկությունների մասին` փաստաբանը նաեւ հայտարարեց, որ «պետությունը ոչ միայն չի ապահովել կրկնաքվեարկության բացառման իր պարտականությունը, այլեւ ընդարձակ հնարավորություններ է ապահովել կրկնաքվեարկության համար. դրան նպաստել է նաեւ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման ձեւական արգելքը»:

Վահե Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց նաեւ քվեարկության առաջին ժամերին անձնագրերի դրոշմակնիքների նյութի արագ անհետացման փաստին. - «Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ քվեարկության օրվա ընթացքում ընտրողների ամենամեծ հոսքն արձանագրվել է առաջին 3-4 ժամերի ընթացքում, ապա պարզ է, որ չկար եւ ոչ մի արգելք մեկ անձի համար շրջելու մեկից ավելի տեղամասերով ու քվեարկելու մեկից ավելի անգամ»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հավելեց, որ առավոտյան ժամերին քվեարկածների թիվը հասել է 380 հազարի, ինչը «աննախադեպ է», եւ ներկայացրեց Ջավախքից կրկնակի քվեարկությունների նպատակով մարդկանց բերելու, զինվորներին բազմակի քվեարկությունների տանելու մասին իրենց տեղեկությունները:

Անդրադառնալով ընտրակաշառքին ու ընտրացուցակներին` նա հայտարարեց, որ առնվազն «500 հազար ձայն չի համապատասխանում Հայաստանի ժողովրդագրական պատկերին», եւ Սահմանադրական դատարանին խնդրեց ուսումնասիրել այն պարադոքսը, որ պաշտոնական վիճակագրությամբ բնակչության թվի նվազման պայմաններում Հայաստանում ընտրողների թիվն ավելացել է:

«Ընտրություններն անցան համատարած, զանգվածային օրինախախտումներով, որոնք կրել են համակարգային եւ պետականորեն կազմակերպված բնույթ, ինչը էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների այն դիտարկումներին, որ պետք է խոսել կոնկրետ փաստերով, դիմող կողմը պատասխանեց, որ իրենց փաստերը շատ չեն, քանի որ պետական ողջ մեքենան «Հանրապետականի օգտին շատ փայլուն աշխատել է»:

Այս պատասխանը չգոհացրեց պատասխանող կողմին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ՀԱԿ-ի ներկայացուցչին ուղղեց մի շարք հարցեր` պահանջելով կոնկրետ փաստեր բերել իրենց այդ հայտարարությունների առնչությամբ:

ԿԸՀ-ին իր հակափաստարկները կներկայացնի հաջորդ նիստում: Մինչ այդ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Մուկուչյանը ասաց. - «Ուսումնասիրել եմ հայցադիմումը եւ ես կարծում, որ հայցադիմումում չկա որեւէ փաստարկ, որը կարող է հիմք հանդիսանալ ընտրության արդյունք վիճարկելու համար... Մենք կներկայացնենք մեր կարծիքը` համապատասխան հիմնավորումներով: Այսօր կարելի է փաստել սոսկ մեկ բան, որ դիմող կողմը ինքը եւս ընդունեց, որ իր կողմից հիշատակված բազմաթիվ խնդիրներ որեւէ հակասություն չեն ունեցել Ընտրական օրենսգրքի նորմերի հետ»:

Լեւոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է ՀԱԿ-ը մի կողմից պահանջում ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչել, մյուս կողմից` վերցնում մանդատները. - «Ոչ մի հակասություն չկա: Մեր մանդատները անվիճելի են: Մենք մեր մանդատները ստացել ենք ժողովրդի զուլալ ձայնով»:

Սահմանադրական դատարանի հաջորդ նիստը նշանակվեց երեքշաբթի օրը:

please wait

No media source currently available

0:00 0:05:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG