Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. Դաշինքը լքելու պատճառը ՀԱԿ-ի ռուսամետությունն է


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
Հայ ազգային կոնգրեսում մնացել են միայն ռուսամետ ուժեր։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ից դուրս գալու իրենց դրդապատճառներին:

Անցած շաբաթ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, հայտարարելով, որ ներքաղաքական խնդիրների լուծման, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցերում Կոնգրեսի հետ ունեն ռազմավարական եւ մարտավարական սկզբունքային տարաձայնություններ:

Այսօր անդրադառնալով այդ տարաձայնություններին՝ Արամ Սարգսյանն ասաց, թե դրանց մասին ինքը հրապարակավ խոսել է․ - «Թե՛ հայ-ռուսական հարաբերությունների եւ 49 տարով պաշտպանության պայմանագիր կնքելու, թե՛ կոալիցիային ամբողջությամբ որպես պատասխանատու ճանաչելու, թե՛ տակտիկական անունով՝ ես տեսել եմ, գործընթացները պիտի արվի մինչեւ ընտրություններ։ Կա այսօր Հայ ազգային կոնգրես, որը գնում է Ազգային ժողով, գնում է իր յոթը պատգամավորներով այնտեղ աշխատանք անելու։ Կա «Հանրապետություն» կուսակցություն, որը ասել է, որ ինքը գերադասում է մնալ փողոցում հասարակության հետ, ու երբ այդ հասարակությունը փողոց դուրս կգա, մենք կլինենք այդ հասարակության շարքերում, եթե այդպիսի պատիվ ընձեռվի՝ կարող ենք նաեւ առաջնորդել»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Հայ ազգային կոնգրեսից տարանջատվում են արեւմտամետ դիրքորոշում ունեցող ուժերը, Արամ Սարգսյանը պատասխանեց․ - «Դժվար չէ տեսնել, որ ՀԱԿ-ում մնացել են միայն ռուսամետ ուժերը։ Ես ինձ համարում եմ Հայաստանի քաղաքացի։ Ես իմ երկրի ապագան տեսնում եմ արեւմտյան չափանիշներով։ Ես չեմ տեսնում, որ մենք սովորելու բան ունենք Ռուսաստանից։ Ճիշտ է, քիչ առաջադեմ է, քան Նազարբաեւի կամ Ալիեւի ընտրած տարբերակները, բայց մեր համար դա առաջադեմ չէ։ Ես չեմ բացառում նաեւ, որ Հայաստանում կիրառվում է նույն տարբերակը։ Ես տեսնում եմ «Բարգավաճ Հայաստանի» թիկունքում Ռոբերտ Քոչարյանին»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական դաշինքից դուրս գալու՝ «Հանրապետություն» կուսակցության որոշման պատճառներից մեկը նաեւ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն էր, ինչին Արամ Սարգսյանը դեմ է արտահայտվել, եւ, իր իսկ փոխանցմամբ, այդ մասին բարձրաձայնել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի կողմից Էրեբունիում հրավիրված հավաքի ժամանակ։ Նշենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը օրերս Lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը քննադատելու մեջ որեւէ տրամաբանություն չկա։ Ավելին, նա նշել էր, որ բոլոր նրանք, ովքեր փորձելու են ՀԱԿ-ից փախչել, անհետանալու են քաղաքական ասպարեզից:

Արամ Սարգսյանը, հակադարձելով Զուրաբյանի այս գնահատականին, ընդամենն ասաց, թե այդ նույն պայծառատեսները նաեւ չէին բացառում, որ ՀԱԿ-ի մայիսի 8-ի հանրահավաքում կարող է միանալ նաեւ Գագիկ Ծառուկյանը, մի բան, որ այդպես էլ տեղի չունեցավ:

Դիտարկմանը, թե կարելի՞ է արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը սխալ հաշվարկ էր արել ԲՀԿ-ին կարեւոր դերակատարություն տալով քաղաքական այս իրավիճակում, Սարգսյանը պատասխանեց. - «Ես երբեք ինձ թույլ չեմ տա առաջին նախագահի տեսակետները սխալ կամ ճիշտ որակել: Առավել եւս, որ ինքը շատ կոռեկտ է եւ ասել է, որ ժամանակը ցույց կտա: Ես կիսում եմ իր այդ տեսակետը. ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, ով` սխալ այս մոտեցման առումով: Իմ կարծիքով, միայն այն հանգամանքը, որ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, արդեն կորուստ է, չարժեր դա փոխարինել սրանով»:

Արամ Սարգսյանն ասաց, թե իր տպավորությամբ ՀԱԿ-ում «բոլորն էլ սպասում էին իրենց դուրս գալուն»:

«Եթե հիշեք, թե մանդատը դնելու առումով ինչպիսի տեսակետներ են հայտնել... անհամբեր սպասում էին, թե ես երբ պիտի վայր դնեմ մանդատը, իսկ այդ մարդիկ նախագահի մամուլի խոսնակ են աշխատել եւ իրենց խոսքի գինը գիտեն եւ ուղղակի իրենց ցանկությունները ի ցույց էին դրել: Ես համոզված եմ, որ իրենք ուզում էին, որ այդպես լիներ: Իհարկե, իրենց շատ ավելի ձեռնտու կլիներ, որ ես վախենայի, դուրս չգայի, բայց ես այդ կերպը չեմ: Եթե քայլերը պլանավորվում են առանց քեզ, դու ուղղակի ֆասադ ես, ուղղակի գործոն ես, որ պիտի իրենց հետ լինես, իսկ եթե իրենց հետ չեղար, ուրեմն դավաճան ես ու ծախված, ես նման բաների չեմ մասնակցում», - ասաց Սարգսյանը:

Արամ Սարգսյանն ասաց, թե երբ ձեւավորվի կառավարությունը եւ քաղաքական վերադասավորումները ավարտվեն, այդ ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունը ներքաղաքական բանակցություններ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կիսում են իրենց տեսակետները: «Հանրապետությունը» ծրագրում է նաեւ աշնանը մարզային հանդիպումներ անցկացնել, չի բացառվում նաեւ վերջնական արդյունքում հանրահավաք Երեւանում:

Հարցին, թե պատրաստվու՞մ են նախագահական ընտրություններին, Սարգսյանը պատասխանեց. - «Մենք միանշանակ որեւէ քաղաքական պրոցես բաց չենք թողնելու. այս պահին ես չեմ տեսնում իմ առաջադրելու նպատակահարմարությունը: Ես չեմ գտնում, որ ես պիտի առաջադրվեմ 2013 թվականի նախագահական ընտրություններում: Ես դա կանեմ միայն մի դեպքում. երբ ինքս զգամ նման պահանջարկ, երբ ես ինքս զգամ, որ հասարակության, քաղաքական դաշտի համախմբման հնարավորություն ընձեռնվում է նաեւ իմ անձով` որպես թեկնածու ի հայտ գալը: Այդ դեպքում, իհարկե, իմ վրա պատասխանատվություն կվերցնեմ եւ իմ թեկնածությունը կառաջադրեմ»:

please wait

No media source currently available

0:00 0:06:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG