Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հանքավայրի մոտ ապրողները կարող են տարհանվել


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջիկակում Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղի հանքաարդյունաբերական ծրագիրը սկսելու համար այդ տարածքում գտնվող գյուղերի բնակիչները կտարհանվեն:

Արա Հարությունյանի խոսքով` «Վալլեքս գրուպի» հետ ստորագրած համաձայնագրի շրջականներում Ծաղկաշենի հանքավայրի շահագործումից առաջ ստեղծվել է աշխատանքային խումբը, որը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի կառավարության ներկայացուցիչներին, որն էլ իրականացնում է հետախուզական աշխատանքներ, ուսումնասիրում եւ հաստատում պաշարների քանակը:

«Այդ ընթացքում եթե հանքերը լինեն բնակարաններից մոտիկ… այսօր խոսք չի գնում բնակավայրերի տեղափոխման մասին, այն բնակարանները, որոնք մոտիկ են հանքավայրին, այսինքն, որոնց բնակիչներին վտանգ է սպառնում այդ տարածքներում, պետք է լինեն տեղափոխումներ: Բայց այդ բոլորը կատարվելու է միայն այն եղանակով, որ բնակչությանը դժգոհելու ոչ մի տեղիք չտանք: Ոչ միայն համապատասխան, մի քիչ էլ ավել պայմաններ են առաջարկվելու, նաեւ իրենց համաձայնությունն է լինելու: Եթե անհրաժեշտություն լինի, ժամանակը ցույց կտա, ամբողջ բնակավայրի [տարհանման] մասին խոսվի, իհարկե, պետք է բնակիչների հետ համաձայնեցնել», - ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին «Վալլեքս գրուպի» եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում «Վալլեքս գրուպը» կներդնի մոտ 80 միլիոն դոլար Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի շահագործման նպատակով: Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ 2015 թվականը: Կարդյունահանվի հիմնականում պղինձ եւ մոլիբդեն: Ըստ ծրագրի` առաջիկա 10 տարիներին կմշակվի մոտ 17 միլիոն տոննա հանքանյութ: Նշենք, որ «Վալլեքս գրուպին» պատկանող «Բեյս մեթալս» ընկերությունը մոտ 10 տարի է, ինչ շահագործում է Մարտակերտի շրջանի Դրմբոնի պղինձի, ոսկու հանքավայրը:

«Քանի որ Ծաղկաշենի տարածքը շատ հարուստ է օգտակար հանածոներով, եւ այսօր սպառվում է մեր Դրմբոնի հանքի պաշարները, դա կարող է լուրջ տնտեսական խնդիր լինել, եթե մենք չհասցնենք ժամանակին շահագործել՝ առաջին հերթին աշխատատեղերի, պետական մուտքերի, ընդհանուր տնտեսության համար: Դրա համար մենք ենք պարտադրել ընկերության, որ եթե հանքը շահագործելու ցանկություն եւ համապատասխան տնտեսական ռեսուրսներ ունեն, ապա շուտ սկսեն, որպեսզի դեֆիցիտը չզգանք առաջիկա տարիներին», - ասաց Արա Հարությունյանը:

Հարցին, թե որտե՞ղ են տեղափոխվելու հանքավայրի մոտ ապրող մարդիկ, ԼՂ վարչապետը պատասխանեց. - «Դա առաջին հերթին կախված է բնակիչներից, ինչքանով ենք կարողանում նրանց համոզել տեղափոխել, ավելի ճիշտ՝ մեծամասնության կարծիքն ենք հաշվի առնելու: Եթե մի հոգի ասի՝ ես չեմ տեղափոխվում, ապա մի հոգու պատճառով մենք մեր երկրի տնտեսական հիմանական ծրագիրը չենք թողնելու կիսատ»:

Անդրադառնալով այդ բնակավայրի գերեզմանների ու պատմամշակութային հուշարձանների հետագա ճակատագրին՝ վարչապետն ասաց. - «Նախ ցանկացած պարագայում պետք է փորձենք գերեզմաններին ձեռք չտալ, որովհետեւ մենք հասկանում ենք՝ դա ինչ է: Գերեզմանները, պատմամշակութային արժեքները պահպանվելու են, եթե չեն ընկնում այսպես ասած արդյունահանման հիմնական տարածքում: Եթե այդ տարածքում լինեն, պետք է քննարկենք, որովհետեւ, կրկնում եմ, դա մեր տնտեսության, մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը ապահովող հիմնական քայլն է համարվում»:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG