Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը ՄԱԿ-ում հակադարձել է Ալիեւի ելույթին


Երեկ ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվում էր Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս, Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, «փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանն ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ եւ ստահոդ հայտարարությունները»:

Անվտանգության խորհրդի անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին:

Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելը, եւ խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցները հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում:

Դեսպանը նաեւ հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ:

Նազարյանը նաեւ հայտարարել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապը «Ալ-Ղաիդա»-ին հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90- ականների սկզբին, եւ որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսեւորել զգոնություն` թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով:

Այսօր որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը Ալիեւի մայիսի 4-ի ելույթի առնչությամբ, որն առաջացրել էր անդամ երկրների տարակուսանքն ու անթաքույց դժգոհությունը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG