Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու կասկածանքով դատախազությունում նյութեր են նախապատրաստվել


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու համար այսօր Գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ եւ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154 պրիմ երկու հոդվածի հատկանիշներով:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Արաբկիրի ոստիկանության բաժնում առավոտյան ահազանգ էր ստացվել, որ 4/27 ընտրատեղամասի մոտ բաժանվում է ընտրակաշառք։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը եւ այդ հիմքով բերման է ենթարկել քաղաքացի Արմեն Մաթեւոսյանին, ում մոտ հայտնաբերվել են քաղաքացիների ցուցակների մասին գրառումներ եւ գումար՝ 380 հազար դրամ պայուսակի մեջ եւ 128 հազար դրամ՝ անձամբ իր գրպանում», - մանրամասնեց Տռուզյանը՝ նշելով, որ այդ անձը կասկածվում է ընտրատարածքի ընտրողներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք բաժանելու մեջ։

«Երկու անձի տվյալներ պարզվել են արդեն, ում որ տրամադրվել է գումար` համապատասխանաբար 35 հազար և 15 հազար դրամ, որպեսզի նրանք և նրանց ընտանիքի անդամները մասնակցեն քվեարկությանը և ընտրություն կատարեն համապատասխան կուսակցության օգտին»,- շարունակեց Տռուզյանը՝ հավելելով, որ սա նմանատիպ երկրորդ դեպքն է․ - «Մյուս դեպքը վերաբերում է Շենգավիթ համայնքին, մասնավորապես՝ թիվ 12 ընտրատարածքին»։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG