Մատչելիության հղումներ

Արտակարգ պատահար Հանրապետության հրապարակում․ կան տուժածներ


Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել դժբախտ պատահար։

Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Կան բազմաթիվ տուժածներ։

Նրանց «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ։ Բժիշկներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին հրապարակում հայտնեց, որ շուրջ 50 երիտասարդներ՝ հիմնականում ուսանողներ, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ։

Միջադեպից րոպեներ անց համերգը շարունակվեց։ Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Այրվածքաբանության կենտրոն, ուր տեղափոխվել են տուժած երիտասարդներից շատերը, ժամը 21-ին մոտ այցելեցին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Սարգսյանն ասաց, որ Առողջապահության նախարարը ամփոփել է իրավիճակը, մոտավորապես 50 հոգի են տարբեր հիվանդանոցներում` տարբեր աստիճանի այրվածքներով. - «Բայց թեթեւ այրվածքներ են: Տուժածների մի մասը առաջին օգնություն է ստացել եւ տուն է գնացել»:

Վարչապետի փոխանցմամբ, այս պահին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ անցկացվում է խորհրդակցություն, որի ավարտին կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «որեւէ դիտավորություն բացարձակ չի եղել», փուչիկները բռնկվել են, հավանաբար, այրվող ծխախոտի կամ վառիչի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

«Չի կարելի ասել շատ, բայց որոշ անձինք ստացել են այրվածքներ, տրավմաներ: Խուճապը շատ մեծ չէր, օգնություն միանգամից ցույց է տրվել, մոտակա հիվանդանոցներն են հասցվել [տուժածները]: Դժբախտ պատահար իսկապես», - ասաց նա` շարունակելով. - «Քննություն կտարվի, կտեսնենք»:

Հարցին, քրեական գործ հարուցվե՞լ է, Նազարյանը արձագանքեց. - «Կհարուցվի, իհարկե: Ամեն ինչ կարվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG