Մատչելիության հղումներ

2011-ի մայիսի 1-ին սպանվել էր մոլորակի թիվ մեկ ահաբեկիչը


Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանումն իրականացրեց գործողություն, որի ընթացքում ոչնչացվեց Սեպտեմբեր 11-ի կազմակերպիչ Ուսամա Բին Լադենը։

«Նեպտունի նիզակը»

2011 թվականի մայիսի 1-ին Վաշինգտոնում այդ լուրը ցնծությամբ են ընդունել, մարդիկ լցվել են փողոցները եւ սկսել են տոնել Բին Լադենի սպանության փաստը, ինչն ինքնին, մի տեսակ, շփոթեցնող էր ու անհարիր եւ հետագայում քննադատվել է հենց ամերիկյան որոշ լրատվամիջոցների կողմից։

Այդ օրը նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Բին Լադենի ոչնչացումը բնավ չի նշանակում վերջնական հաղթական Ալ-Ղաիդայի եւ ահաբեկչական այլ կառույցների դեմ պայքարում։

Ամերիկացիները տարիներ շարունակ որոնել են 2001 թվականի սեպտեմբեր 11-ի աննախադեպ ահաբեկչական գործողությունը կազմակերպած Բին Լադենին։

Հետախուզական ծառայությունները, ի վերջո, պարզել են, որ Ալ-Ղաիդայի հիմնադիրն իր բազում կանանց, երեխաների, թիկնապահների եւ ծառաների հետ թաքնված է Պակիստանում` մայրաքաղաք Իսլամաբադից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աբոթաբադ ավանում կառուցված քարե առանձնատանը։

Ամերիկացիները` մի քանի տասնյակ հատուկ դեսանտայիններ, ուղղաթիռներով են հասել Աբոթաբադ, «Նեպտունի նիզակը» անվամբ գործողությունը ընդհանուր հաշվով երկու ժամ է տեւել։

Ամերիկացիները պայթեցրել են տան պատերն ու դռները։ Բին Լադենին գտել են երրորդ հարկում։ Այնտեղ նրան փորձել են իրենց մարմիններով պաշտպանել նրա երկու կանայք։


E.K.I.A.

Մի դեսանտայինը կրակել է կանանցից մեկի ոտքին եւ կողմ հրել մյուսին։ Եվ այդ պահին երկրորդ դեսանտայինը մոտ տարածությունից երկու գնդակ է արձակել, մեկը Բին Լադենի կրծքին, մյուսը` գլխին։

Ապա նրանք ռադիոկապով հնչեցրել են հատուկ հապավումը` E.K.I.A. (enemy killed in action), «թշնամին գործողության ընթացքում սպանված է»։

Դեսանտայինները իրենց հետ են տարել միայն Բին Լադենի դին, մնացած սպանվածներին թողել են տանը, իսկ վիրավորներին դուրս հանել, որ նրանց գտնեն պակիստանյան ուժերը, որոնք արդեն սկսել եմ մոտենալ Բին Լադենի առանձնատանը։

Նախագահ Օբաման, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը եւ բարձրաստիճան զինվորականներ Սպիտակ տան արտակարգ ժողովների սենյակում հատուկ արբանյակային հեռարձակման շնորհիվ հետեւել են ամբողջ գործողության ընթացքին։

«Դրանք իմ կյանքի ամենածանր 40 րոպեներ էին», - ասել է Բարաք Օբաման NBC հեռուստակայանի թղթակից Բրայան Ուիլյամսին։

Դեսանտայինները կորուստներ չեն կրել, գործողության ընթացքում միայն մեկ ուղղաթիռ վթարվել եւ այրվել է, ինչը, ըստ Պենտագոնի, ոչ այնքան թշնամու դիմադրության, որքան արտակարգ պայմաններում դրսեւորված շտապողականության արդյունք էր, քանի որ հարկ էր վայրկյանների ճշգրտությամբ գործել։

Դերսանտայինները Բին Լադենի դին փոխադրել են Բաղրամի ռազմակայան, որտեղից էլ հասցրել են Պարսից ծոցում խարիսխ գցած «Կարլ Վիլսոն» ավիակիր։

24 ժամում, ինչպես դա պահանջում է Իսլամը, Բին Լադենի մարմինը տեղավորել են սպիտակ սավանի մեջ, մահմեդական ծիսակարգով աղոթել, աղոթքն արաբերեն տեղում թարգմանել է մի արաբ-զինծառայող, ապա դին տեղավորել են նավակում, որը շրջել են: Եվ այդպես թիվ մեկ ահաբեկիչն առհավետ հանգրվանել է ծովի հատակում։

Ի դեպ, ամիսներ անց մամուլում հրապարակվել է մի չհաստատված լուր, թե Բին Լադենի դին, իբր, իրականում տեղափոխել են Միացյալ Նահանգներ եւ պահում են գաղտնի ռազմակայանի հատուկ սառցարանում։

«Նեպտունի Նիզակը» օպերացիայից մեկ տարի է անցել։ 2011 թվականի հուլիսին Ալ-Ղաիդան ինտերնետում տեղադրել է հաղորդագրություն, որի համաձայն, Այման ալ-Զավահիրին նշանակվել է Բին Լադենի իրավահաջորդ, իսկ խմբավորումը երդվել է վրեժ լուծել զոհված ղեկավարի համար։

Սակայն Ալ-Ղաիդան, ըստ վերլուծաբանների, գրեթե գործողություններ չի իրականացնում, քանի որ Բին Լադենից հետո հետեւողականորեն ոչնչացվել են կառույցի նաեւ այլ բարձրաստիճան անդաներ։


Ալ-Ղաիդան այսօր էլ խիստ վտանգավոր է

Այնուամենայնիվ, ինչպես ահաբեկչության դեմ պայքարի հարցով մասնագետներն են նշում, Այման ալ-Զավահիրին ունի կապեր, ֆինանսական միջոցներ, փորձ եւ մարտական խմբեր, նրա նպատակն է վերագտնել Ալ-Ղաիդայի տեղը մահմեդական անհանգիստ աշխարհում, հետեւաբար, Ալ-Ղաիդան (արաբերեն` Հենակետ) այսօր էլ խիստ վտանգավոր է։

Ահաբեկչական գրոհներ են ծրագրում եւ իրագործում տարատեսակ այլ կառույցներ։

Pew Research Center վերլուծական կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, մահմեդական մի շարք երկրներում` Եգիպտոսում, Հորդանանում, Պակիստանում Թուրքիայում եւ Լիբանանում, հիմնականում բացասական են գնահատում Ալ-Ղաիդան։

Պակիստանում, որտեղ սպանվել է թիվ մեկ ահաբեկիչը, հարցվածների միայն 13 տոկոսն է համակրանքով արտահայտվել նրա մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG