Մատչելիության հղումներ

Սարկոզին եւ Օլանդը մասնակցեցին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը


Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Ֆրանսուա Օլանդ եւ Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Ֆրանսուա Օլանդ եւ Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները` երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը, երեքշաբթի օրը հերթով` առանց իրար հանդիպելու, մասնակցել են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում կազմակերպված միջոցառմանը։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կանադայի հրապարակում` Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած արարողությանը առաջինը ժամանել է Օլանդը, ում ջերմորեն ծափահարել են հարյուրավոր ֆրանսահայերը։

Սոցիալիստ թեկնածուն վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունման իր հանձնառությունը` հավաստիացնելով. - «Ինչպիսին էլ լինեն գործադրվող ճնշումները, ես հետամուտ եմ լինելու, որպեսզի ձեր պատմությունը երբեք չմոռացվի, քանի որ այն չի կարող վիճարկվել»։

Հիշեցնելով, որ նույնպիսի խոստում է տվել նաեւ իշխող «Հանուն ժողովրդական շարժման» (UMP) առաջնորդ, գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, Օլանդը շեշտել է. - «Մենք կարող ենք համախմբվել. դա այնքան հազվադեպ է լինում` հպարտացե՛ք դրանով»։ Նա հավելել է, որ ինչպիսին էլ լինի ֆրանսիացիների ընտրությունը` հայ համայնքը հանգելու է իր պայքարի միեւնույն արդյունքին։

Այնուհետեւ իր մրցակցին ամբիոնում փոխարինել է Սարկոզին, որին հավաքվածները դիմավորել են նույնպիսի ջերմությամբ` միայն թե երբեմն լրացուցիչ «Նիկոլա, նախագահ» բացականչելով, նշում է «Ֆրանսպրես»-ը։

Ֆրանսիայի գործող նախագահը եւս գոհունակություն է հայտնել հայկական հարցում քաղաքական համերաշխության կապակցությամբ։ «Գաղափարները, որ ես պաշտպանելու եմ, ինձ թվում է, հավանության են արժանանում կուսակցական սահմաններից շատ ու շատ անդին։ Ես հպարտացել եմ, որ այդ ժամանակաշրջանի Ֆրանսիան այնքան մեծահոգի է եղել, որ ընդունել է հետապնդվող հայերին», - հայտարարել է Սարկոզին։

Նա նույնպես վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունման իր խոստումը` շարունակելով. - «Որպես պետության ղեկավար` ես պետք է խոնարհվեմ Սահմանադրական խորհրդի որոշման առջեւ, սակայն ոչ` իմ համոզմունքների։ Ուրեմն, ես խոստանում եմ ձեր առջեւ` մի նոր տեքստ կպատրաստվի հունիսից սկսած»։

Անցած տարվա դեկտեմբերի 22-ին եւ այս տարվա հունվարի 23-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատը հավանություն տվեցին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ` մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք սահմանող օրինագծին, որը, սակայն, ավելի ուշ երկրի հիմնական օրենքին հակասող ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից։ Սահմանադրական խորհրդի վճռից անմիջապես հետո Սարկոզին կառավարությանը կարգադրեց համանման նոր օրինագիծ մշակել` հաշվի առնելով գերագույն դատական ատյանի առարկությունները։

Հայ համայնքի ներկայացուցիչները ողջունել են նախագահության երկու թեկնածուների մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։

Սա առաջին դեպքն էր, երբ Ֆրանսիայի գործող նախագահը մասնակցեց Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG